Վաղը՝ մարտի 22-ին կառավարությունը որոշում կընդունի «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին;
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայումս «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ ուսումնական հաստատությունում աշխատող այն ուսուցիչները, որոնք չեն համապատասխանում «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով (ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որը ստացել է մանկավարժական համապատասխան որակավորում (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով) կամ ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ։) սահմանված պահանջներին, կարող են շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը մինչև 2018 թվականի օգոստոսի 20-ը, եթե մինչև այդ չեն ապահովում ուսուցչին ներկայացվող պահանջները:
Նշված դրույթը հնարավորություն է տալիս ուսումնական հաստատությունում աշխատող յուրաքանչյուր ուսուցչի, ով չի համապատասխանում «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին, մինչև 2018 թվականի օգոստոսի 20-ը ստանալ բարձրագույն կրթություն մանկավարժական համապատասխան որակավորմամբ՝ ապահովելով օրենքով սահմանված պահանջը:
Օրենքի դրույթի ամրագրումից հետո «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին չհամապատասխանող ուսուցիչներին հնարավորություն է տրվել հեռակա ուսուցմամբ ստանալ բարձրագույն կրթություն:
Ընդամենը | բարձրագույն | թերի բարձրագույն | միջին մասնագիտական | ավարտել են չհավատարմագրված բուհ | ունեն միջնակարգ ընդհանուր կրթություն | |||||||
ընդամենը | Կանայք | ընդամենը | կանայք | ընդամենը | կանայք | ընդամենը | կանայք | ընդամենը | կանայք | ընդամենը | կանայք | |
2010-11 | 40376 | 34196 | 34256 | 29218 | 721 | 580 | 5159 | 4254 | 84 | 73 | 156 | 71 |
2011-12 | 41757 | 35117 | 36028 | 30530 | 537 | 409 | 4963 | 4066 | 56 | 44 | 173 | 68 |
2012-13 | 40830 | 34405 | 35591 | 30246 | 427 | 294 | 4597 | 3768 | 46 | 37 | 169 | 60 |
2013-14 | 39797 | 33738 | 35081 | 29997 | 345 | 246 | 4194 | 3417 | 37 | 28 | 140 | 50 |
2014-15 | 39018 | 33149 | 34713 | 29746 | 290 | 209 | 3857 | 3125 | 40 | 30 | 118 | 39 |
2015-16 | 38690 | 32965 | 34774 | 29867 | 259 | 188 | 3515 | 2854 | 29 | 21 | 113 | 35 |
2016-17 | 38273 | 32635 | 34699 | 29806 | 236 | 176 | 3208 | 2597 | 32 | 24 | 98 | 32 |
2010-2011-ից 2016-2017 ուսումնական տարիների տվյալների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ մեծ թվով ուսուցիչներ օգտվել են ընձեռված հնարավորությունից, ուստի ենթադրվում է, որ նշված ժամկետը երկարաձգելու պարագայում` վերջիններիս թիվը կավելանա:
Ելնելով վերոգրյալից՝ նպատակահարմար է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասում կատարել փոփոխություն՝ սահմանելով, որ այն ուսուցիչները, որոնք չեն համապատասխանում «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին, կարող են շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը մինչև 2023 թվականի օգոստոսի 20-ը:
Այս օրենքի ընդունումը հնարավորություն կընձեռնի միջին մասնագիտական որակավորում ունեցող ուսուցիչների, որոնք ունեն երկար տարիների աշխատանքային ստաժ և սովորողների հետ կրթական և դաստիարակչական աշխատանքների մեծ փորձ, շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը մինչև 2023 թվականի օգոստոսի 20-ը: