Սահմանադրական դատարանի նախագահի միակ թեկնածու Հրայր Թովմասյանի ելույթը՝ ԱԺ-ում

Վստահ եմ, որ Սահմանադրական դատարանի մյուս անդամները ևս արժանի էին ներկայանալու որպես ՍԴ նախագահի թեկնածու, սակայն այդ պատիվն ինձ է տրվել: Այս մասին, այսօր Ազգային Ժողովում ՍԴ նախագահի ընտրությանը վերաբերող քննարկումների ժամանակ նշել է  Սահմանադրական դատարանի անդամ, ՍԴ նախագահի միակ թեկնածու Հրայր Թովմասյանը:

« Սահմանադրական փոփոխությունները մշակող հանձնաժողովի անդամներից յուրաքանչյուրը, թե Դավիթ Հարությունյանը, թե Գագիկ Հարությունյանը, թե Գեորգի Կուտոյանը, թե Վարդան Պողոսյանը, թե Գևորգ Կոստանյանը, թե Գևորգ Դանիելյանը, թե Գագիկ Ղազինյանը այսուհետև ինչ էլ աշխատեն, լինելու են փոփոխված սահմանադրության պաշտպանները: Սահմանադրական դատարանի նախագահի աշխատանքը դրա ամենաուղղակի հնարավորությունն է տալիս, և ստացվեց, որ այդ բախտն ինձ է վիճակվել: ՍԴ նախագահի պաշտոնը չի ենթադրում քաղաքական անելիքներ ու ծրագրեր: ՍԴ նախագահի լիազորությունները նույնական են, ինչպես ՍԴ մնացած անդամներինը: ՍԴ նախագահն ունի մեկ գլխավոր առաքելություն՝ ՍԴ բնականոն գործունեության ապահովումը: Դրա համար բացի ճիշտ կադրերի ընտրությունից, լիազորությունների ճիշտ բաշխումից ինձ համար շատ կարեւոր է այն աշխատանքային մթնոլորտի ստեղծումը, որտեղ բոլորն իրենց վստահ կզգան, որ կատարում են երկրի համար ամենաբարդ խնդիրներից մեկը: Ինձ համար այդ հարաբերությունները այս հարցում ամենակարեւորն են»,-նշել է Հրայր Թովմասյանը:

Հրայր Թովմասյանը ասաց, որ այն նշաձողը, որ այս տարիներին վերցրել է ՍԴ-ն՝ ի պատիվ Գագիկ Հարությունյանի, բավական բարձր է և իրենք պետք է փորձեն պահել այդ նշաձողը. «Սահմանադրական դատարանն ու սահմանադրական արդարադատությունը չեն կարող գոյություն ունենալ իրավաքաղաքական վակուումի մեջ: Պետական համակարգը պետք է կառուցված լինի ժողովրդավարական արժեքների հիման վրա եւ գործի Սահմանադրությանը համահունչ: ՍԴ-ն է պատասխանատու սահմանադրական արդարադատության իրականացման համար, սակայն այդ դրույթների խիստ պահպանումը նաեւ այլ մարմինների պարտականությունն է»:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել