Գրավ դրված գույքի իրացումից ստացված գույքը բաշխելու կարգը

Գրավ դրված անշարժ գույքի, տրանսպորտային միջոցի, բանկային հաշվի, դեպոզիտի (ավանդի), ինչպես նաև արժեթղթի իրացումից ստացված գումարից կամ գրավառուին կամ նրա նշած անձին ի սեփականություն անցած համապատասխան գույքի արժեքից այդ գույքի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու համար ծախսերը վճարելու համար անհրաժեշտ գումարներ պահելուց հետո բավարարվում են գրավառուի` գրավով ապահովված պահանջները, իսկ մնացած գումարը ՀՀ Քաղաքացիական Օրենսգրքով սահմանված կարգով տասնօրյա ժամկետում փոխանցվում է գրավատուին, եթե գրավի պայմանագրով այդ գումարի փոխանցման այլ կարգ նախատեսված չէ: Գրավառուի` գրավով չապահովված պահանջները օրենքով նախատեսված գումարից (արժեքից) բավարարվում են ՀՀ Քաղաքացիական Օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված ընդհանուր կարգով:

Եթե գրավ դրված գույքն իրացնելուց ստացված գումարը կամ գրավառուին կամ նրա նշած անձին ի սեփականություն անցած գույքի արժեքը բավարար չէ գրավառուի պահանջները բավարարելու համար, նա իրավունք ունի պակաս գումարն ստանալու պարտապանի այլ գույքից, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: Ընդ որում, այդ գույքի նկատմամբ գրավառուն չի օգտվում գրավի վրա հիմնված նախապատվության իրավունքից:

Այն դեպքում, երբ քաղաքացուն պատկանող գրավ դրված գույքն ի սեփականություն անցել է գրավառու բանկին (վարկային կազմակերպությանը), գրավ դրված գույքը համարվում է իրացված`

  1. բանկի (վարկային կազմակերպության) կողմից այդ գույքի հետագա օտարման օրը` օտարման գնով, եթե նման օտարումը տեղի է ունեցել գույքն ի սեփականություն վերցնելուց հետո` 6 ամսվա ընթացքում, ընդ որում, եթե գույքն օտարվել է օտարման օրվա դրությամբ այդ գույքի շուկայական գնից ողջամիտ չհամարվող ցածր գնով, ապա գույքը համարվում է իրացված օտարման օրվա դրությամբ այդ գույքի շուկայական գնով, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ գույքն ի սեփականություն վերցնելուց հետո` 6 ամսվա ընթացքում, օտարվել է այդ գույքի նախկին սեփականատիրոջը (որի գույքի վրա տարածվել է բռնագանձումը) կամ նրա իրավահաջորդին, կամ
  2. գույքն ի սեփականություն վերցնելուն հաջորդող վեցամսյա ժամկետի վերջին օրը` այդ օրվա դրությամբ գույքի շուկայական գնով, եթե այդ վեցամսյա ժամկետում գույքը չի օտարվել, ընդ որում` բանկը (վարկային կազմակերպությունը) պարտավոր է իր հաշվին ապահովել գույքի շուկայական գնի որոշումն անկախ գնահատողի կողմից:

Քաղաքացի գրավատուի (բռնագանձված գույքի նախկին սեփականատիրոջ) կամ նրա իրավահաջորդի մասնակցությամբ քաղաքացիական, քրեական, սնանկության կամ վարչական գործի շրջանակներում բանկին (վարկային կազմակերպությանը) ի սեփականություն անցած համապատասխան գույքի վրա արգելանք դրվելու դեպքում Օրենքով նախատեսված վեցամսյա ժամկետի ընթացքը կասեցվում է արգելանքի տակ գտնվելու ամբողջ ժամկետով:

Բանկը (վարկային կազմակերպությունը) և քաղաքացի գրավատուն կարող են համաձայնվել, որ գրավ դրված գույքը իրացված համարվի այն բանկին (վարկային կազմակերպությանը) ի սեփականություն անցնելու օրը` այդ օրվա դրությամբ անկախ գնահատողի կողմից որոշված շուկայական գնով: Նշված համաձայնությունը կնքվում է հասարակ գրավոր ձևով:

Գրավառուի կողմից Օրենքով սահմանված կարգով գրավի առարկան ի սեփականություն վերցնելու օրվանից գրավով ապահովված պարտավորության մարված չափի նկատմամբ որևէ տոկոս կամ տուժանք չի կիրառվում:

Քաղաքացուն պատկանող գրավ դրված գույքը գրավառու բանկին (վարկային կազմակերպությանը) կամ նրա նշած անձին ի սեփականություն անցնելուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, գրավառուն պատշաճ ձևով ծանուցում է գրավատուին և պարտապանին, եթե գրավատուն պարտապան չէ, ապա գրավի առարկայի ի սեփականություն ընդունելու օրվա և գնի, գրավով ապահովված պարտավորության մարման չափի, իսկ պարտավորությունը լրիվ չմարվելու դեպքում` պարտքի մնացորդի մասին:

Գրավի առարկայի իրացումից հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, գրավառուն պատշաճ ձևով ծանուցում է գրավատուին և պարտապանին, եթե գրավատուն պարտապան չէ, գրավի առարկայի իրացման օրվա և գնի, գրավով ապահովված պարտավորության մարման չափի, ինչպես նաև առկայության դեպքում՝ գրավատուին վերադարձման ենթակա գումարի չափի, իսկ պարտավորությունը լրիվ մարված չլինելու դեպքում` պարտքի մնացորդի մասին (Իրազեկման աղբյուրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդված):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել