Կրթության և գիտության նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում նոր օրենքի նախագիծ է հրապարակել, որով հաստատվել է 2018/19 ուստարվա ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերը և առկա ուսուցմամբ ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերի բաշխումը:
Ասպիրանտուրա ընդունելության տեղերը՝
ա. պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ՝ 140 տեղ.
բ. նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, հեռակա ուսուցմամբ՝ 239 տեղ.
գ. պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, միջպետական համաձայնագրերով` 24 տեղ:
Օրդինատուրա ընդունելության տեղերը` պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ՝ 95 տեղ:
ՀՀ պաշտպանության նախարարության համար նախատեսված ինտերնատուրա ընդունելության տեղերը՝ պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ՝ 12 տեղ:
Դոկտորանտուրա ընդունելության տեղերը՝ պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ՝ 13 տեղ:
Սահմանել, որ`
1) Հայաստանի Հանրապետությունում 2018/2019 ուսումնական տարվա ասպիրանտուրայի առկա և հեռակա, ինչպես նաև օրդինատուրայի ընդունելության ուսուցմամբ թափուր մնացած տեղերը բարձրագույն ուսումնական հաստատություններում ու գիտական կազմակերպություններում վերաբաշխում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի, Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների ներկայացրած լրացուցիչ հայտերի՝ իրենց տրամադրված տեղերի շրջանակներում.
2) Հայաստանի Հանրապետությունում 2018/2019 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության առկա և հեռակա, ինչպես նաև օրդինատուրայի ուսուցմամբ պահուստային տեղերի բաշխումը վերապահվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը:
3) Հայաստանի Հանրապետությունում 2018/2019 ուսումնական տարվա ասպիրանտուրայի հեռակա և օրդինատուրայի ընդունելության տեղերը բաշխում և հաստատում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը:
Եվգենյա Համբարձումյան