Գույքային սերվիտուտը և դրա բովանդակությունը

«ՀՀ Քաղաքացիական Օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 01.03.2017թ. ընդունված ՀՀ Օրենքի համաձայն՝ հողամասը կամ այլ անշարժ գույքը (ծառայող գույքը) կարող է ծանրաբեռնվել այլ հողամասի կամ անշարժ գույքի (գերակա գույքի) սեփականատիրոջ օգտին այնպես, որ գերակա գույքի սեփականատերը կարողանա սահմանափակ օգտագործել ծառայող գույքը (դրական սերվիտուտ) կամ արգելել ծառայող գույքի սեփականատիրոջն այդ գույքից որոշակի ձևով օգտվել (բացասական սերվիտուտ):

Գույքային սերվիտուտ կարող է սահմանվել գերակա գույքի սեփականատիրոջ կամ կառուցապատման իրավունք ունեցող անձի պահանջով:

Անշարժ գույքը գույքային սերվիտուտով ծանրաբեռնելու դեպքում անշարժ գույքի սեփականատերը չի զրկվում այդ անշարժ գույքը տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունքներից, որոնք կարող է իրականացնել առանց խախտելու սերվիտուտով նախատեսված սահմանափակումները:

Գույքային սերվիտուտը չի կարող լինել առք ու վաճառքի, գրավի, վարձակալության կամ որևէ այլ գործարքի ինքնուրույն առարկա, բացառությամբ կողմերի միջև ՀՀ Քաղաքացիական Օրենսգրքի 213-րդ հոդվածով նախատեսված գույքային սերվիտուտ սահմանելու վերաբերյալ կայացված համաձայնության:

Գերակա գույքի սեփականատերն իրավունք չունի ծառայող գույքում կատարելու փոփոխություններ, բացառությամբ այն փոփոխությունների, որոնք անհրաժեշտ են գույքային սերվիտուտի իրականացման համար:

Գույքային սերվիտուտի իրականացման համար անհրաժեշտ ցանկացած փոփոխություն կատարում է գերակա գույքի սեփականատերը, և կատարված ծախսերը չեն հաշվարկվում գույքային սերվիտուտի վճարի մեջ:

Անշարժ գույքի նկատմամբ իրավունքն այլ անձի փոխանցվելիս սերվիտուտը պահպանվում է:

Գույքային սերվիտուտը կարող է լինել կամավոր կամ հարկադիր:

Վերը նշված փոփոխությունները ուժի մեջ են մտել 2017թ. ապրիլի 15-ից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել