Ի՞նչ է սահմանում հողային օրենսգիրքը՝ հողամասի որպես բնական և անշարժ գույքի օբյեկտի վերաբերյալ

Հողային են համարվում այն հասարակական հարաբերությունները, որոնք ծագում են հողամասերի տնօրինման, տիրապետման և օգտագործման կապակցությամբ, ինչպես նաև հողային պաշարների կառավարման առնչությամբ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիների և իրավաբանական անձանց միջև:

Այս մասին սահմանում է հողային օրենսգրքի 4-րդ հոդվածը:

Հողային հարաբերությունների կարգավորումը հիմնված է`

1) հողի` որպես բնական և անշարժ գույքի օբյեկտի, արտադրության հիմնական միջոցի, ինչպես նաև տարածքային բազիսի օգտագործման համատեղման վրա.

2) հողերի սեփականության և օգտագործման սուբյեկտների բազմազանության, Հայաստանի Հանրապետությունում հողային հարաբերությունների կարգավորման ոլորտում պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների սահմանման վրա.

3) հողային հարաբերություններում սեփականության սուբյեկտների իրավահավասարության սկզբունքի վրա.

4) քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից հողի տնօրինման ու օգտագործման գործունեությանը` օրենքին հակասող պետական միջամտության անթույլատրելիության վրա:

Հողամասերի տնօրինման առնչությամբ ծագող գույքային հարաբերությունները կարգավորվում են Քաղաքացիական օրենսգրքով, քաղաքացիական իրավունքի նորմեր պարունակող օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով:

 Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան` Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք չեն կարող հողի նկատմամբ ունենալ սեփականության իրավունք: Նրանք կարող են լինել միայն հողի օգտագործողներ:

Բացառություն են կազմում միայն Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ունեցող անձինք:

Տնամերձ, այգեգործական, ինչպես նաև անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման, հասարակական և արտադրական օբյեկտների կառուցման և սպասարկման, բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման և սպասարկման համար հողամասերի վրա չի տարածվում սույն հոդվածի 3-րդ մասի առաջին պարբերությամբ նախատեսված սահմանափակումը:

Հողային հարաբերությունների օբյեկտները հողամասերն են և դրանց նկատմամբ իրավունքները:

Հողամասի սահմաններն ամրագրվում են կադաստրային քարտեզներում, սեփականության, օգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթերում և արտացոլվում են տեղանքում:

Հողամասի իրավական կարգավիճակը ներառում է դրա նկատմամբ սահմանված կարգով գրանցված սեփականության և այլ գույքային իրավունքներն ու սահմանափակումները, նպատակային նշանակությունը:

Հողամասերն ու դրանց նկատմամբ իրավունքներն ու օգտագործման նկատմամբ սահմանափակումները, ինչպես նաև հողամասերին ամրակայված օբյեկտները (հողաշերտերը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկարկները, շենքերը, շինությունները), որոնք անհնար է հողից անջատել` առանց դրանց նշանակությանը վնաս պատճառելու, շրջանառության մեջ են գտնվում անբաժան ձևով, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

Այն կարող է լինել բաժանելի և անբաժանելի:

Բաժանելի է այն հողամասը, որն առանց իր նպատակային նշանակության և թույլատրված օգտագործման փոփոխության կարող է բաժանվել մասերի, որոնցից յուրաքանչյուրը կարող է լինել պետական գրանցման ենթակա ինքնուրույն հողամաս:

Անբաժանելի է այն հողամասը, որն իր նպատակային նշանակությամբ ու թույլատրված օգտագործմամբ չի կարող բաժանվել ինքնուրույն հողամասերի:

Հողամասը կարող է անբաժանելի ճանաչվել օրենքի և այլ իրավական ակտերի հիման վրա:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել