Աղջկա նորածին երեխային արտաքնոցի փոսը նետած տատը՝ Հ. Փայտյանը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով դատապարտվեց 10-ը տարի ժամկետով ազատազրկման: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
Դատարանը, դատավոր Զոյա Զաքինյանի գլխավորությամբ մեղավոր է ճանաչել 57-ամյա կնոջը, սակայն նա իրեն մեղավոր չի ճանաչել:
ՀԻշեցնենք, որ գտնվելով 36-37 շաբաթական հղիության ընթացքում, սեպտեմբերի 27-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում Հ. Փայտյանի աղջիկը ծննդաբերել է իրենց առանձնատան պատշգամբում մոր՝ 1960թ. ծնված կնոջ ներկայությամբ։ Ծնվելուց հետո երեխան ճիչ է արձակել, ապա, ըստ բացատրությունների, լռել, որից հետո ծննդկանի մայրը երեխային փաթեթավորել է պոլիէթիլենային տոպրակի մեջ և գցել հարակից այգում կառուցված արտաքնոցի փոսի մեջ: Ըստ կնոջ հայտարարության՝ կարծել է, թե նորածինը մահացել է։
Հ. Փայտյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:
Նշենք նաև, որ քրեական գործով ստացվել է նորածնի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը. «Պտղի մահվան պատճառ է հանդիսացել մեխանիկական շնչահեղձությունը, որը պայմանավորված է պտղի պարանոցի օրգանների բութ, կոշտ առարկայով սեղմելու հետևանքը և որը հիմնավորվում է պարանոցի շրջանում փափուկ հյուսվածքների և ստորադիր փափուկ հյուսվածքների արյունազեղումներով, մեխանիկական շնչահեղձությանը բնորոշ թոքերի էմֆիզեմայով, միջալվեոլային պատերի պատռվածքով, բրոնխոսպազմով: Հայտնաբերված նման վնասվածքները կենդանի անձանց մոտ ունեն առողջության ծանր վնասի հատկանիշներ, որոնցով էլ պայմանավորված է մահը»:
Ըստ փորձագետների՝ վնասվածքներն առաջացել են շատ կարճ ժամանակահատվածում՝ րոպեներ առաջ: Քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ նորածնին կյանքի հետ անհամատեղելի վնասվածքը պատճառվել է նորածնի տատի կողմից:
Դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:
Դատավճիռը կայացվել է փետրվարի 27-ին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Եվգենյա Համբարձումյան