Սահմանադրական դատարանի անդամի լիազորությունները դադարում են, եթե՝
1) լրացել է նրա 65 տարին.
2) նա մահացել է.
3) նա հրաժարվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից կամ ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն.
4) նա իրեն նշանակած պետական մարմին հրաժարական ներկայացնելուց և միաժամանակ այդ մասին սահմանադրական դատարանին տեղեկացնելուց ոչ ուշ, քան 10 օր հետո կրկնում է իր հրաժարականը.
5) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով նա ճանաչվել է անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած.
6) նրա նկատմամբ կա դատարանի` օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ.
7) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ապացուցվել է, որ նա պաշտոնում նշանակվել է օրենքի խախտմամբ: Այս մասին սահմանում է սահմանադրական դատարանի մասին օրենքի 14-րդ հոդվծը:
Եթե սահմանադրական դատարանի անդամն իր պաշտոնավարման տարիքը լրանալու պահին մասնակցում է մեկ կամ մեկից ավելի գործերի դատաքննությանը, ապա նրա լիազորությունները դադարում են այդ գործի (գործերի) ավարտման օրը, բայց ոչ ուշ, քան պաշտոնավարման տարիքը լրանալու օրվանից վեց ամիս հետո:
Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա սահմանադրական դատարանի անդամի լիազորությունները կարող են դադարեցվել նրան նշանակած մարմնի կողմից, եթե նա՝
1) մեկ տարվա ընթացքում երեք օր անհարգելի պատճառով չի մասնակցել սահմանադրական դատարանի նիստերին.
2) ժամանակավոր անաշխատունակության կամ այլ հարգելի պատճառով վեց ամիս շարունակ ի վիճակի չի եղել կատարելու սահմանադրական դատարանի անդամի լիազորությունները.
3) խախտել է սահմանադրական դատարանի անդամին վերաբերող` սույն օրենքով սահմանված անհամատեղելիության կանոնները.
4) նախապես կարծիք է հայտնել սահմանադրական դատարանում քննվելիք գործի վերաբերյալ կամ այլ գործողություններով կասկածի տակ է դրել իր անաչառությունը կամ տեղեկություններ է հայտնել դռնփակ խորհրդակցության ընթացքի մասին կամ այլ կերպ դրժել է սահմանադրական դատարանի անդամի իր երդումը.
5) նշանակումից հետո ձեռք է բերել այնպիսի ֆիզիկական արատ կամ հիվանդություն, որի հետևանքով այլևս ի վիճակի չէ կատարելու սահմանադրական դատարանի անդամի լիազորությունները:
Ազգային ժողովի նշանակած սահմանադրական դատարանի անդամի լիազորությունները դադարեցվում են «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Սահմանադրական դատարանի անդամին որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու դեպքում նրա լիազորությունները կասեցվում են դատավորների լիազորությունների կասեցման համար նախատեսված կարգով:
Սահմանադրական դատարանի անդամի լիազորությունները դադարելու դեպքերում սահմանադրական դատարանի նախագահը երկօրյա ժամկետում դիմում է համապատասխանաբար Հանրապետության նախագահին կամ Ազգային ժողով՝ սահմանադրական դատարանի նոր անդամ նշանակելու համար։