Ժառանգությունը բացվում է քաղաքացու մահից հետո: Այս մասին սահմանում է քաղաքացիական օրենսգրքի 1187-րդ հոդվածը:
Ժառանգության բացման ժամանակը քաղաքացու մահվան օրն է, իսկ նրան մահացած ճանաչելու դեպքում այդ մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը, եթե այլ օր սահմանված չէ վճռում:
Եթե նույն օրը մահացել են այն անձինք, ովքեր իրավունք ունեին ժառանգել մեկը մյուսից հետո, նրանք մահացած են ճանաչվում միաժամանակ: Ժառանգությունը բացվում է նրանցից յուրաքանչյուրից հետո և ժառանգման են հրավիրվում նրանցից յուրաքանչյուրի ժառանգները:
Ժառանգության բացման վայրը ժառանգատուի բնակության վերջին վայրն է:
Եթե ժառանգատուի բնակության վերջին վայրն արտասահմանում է կամ անհայտ է, ապա ժառանգության բացման վայր է համարվում ժառանգության զանգվածի մեջ մտնող անշարժ գույքի կամ դրա առավել արժեքավոր մասի, իսկ անշարժ գույքի բացակայության դեպքում` շարժական գույքի կամ դրա առավել արժեքավոր մասի գտնվելու վայրը:
Ըստ կտակի և ըստ օրենքի ժառանգներ կարող են լինել ժառանգության բացման օրը կենդանի, ինչպես նաև ժառանգատուի կենդանության ժամանակ սաղմնավորված և ժառանգությունը բացվելուց հետո կենդանի ծնված քաղաքացիները:
Ըստ կտակի ժառանգներ կարող են լինել ժառանգության բացման օրը գոյություն ունեցող իրավաբանական անձինք, Հայաստանի Հանրապետությունը և համայնքները, ինչպես նաև օտարերկրյա պետություններն ու միջազգային կազմակերպությունները:
Ըստ օրենքի ժառանգության դեպքում ժառանգությունից մեկուսացվում են ծնողական իրավունքներից զրկված ծնողները, որոնց ծնողական իրավունքները չեն վերականգնվել ժառանգությունը բացվելու ժամանակ: Ժառանգությունից մեկուսացվում են նաև այն անձինք, ովքեր դիտավորյալ խոչընդոտել են ժառանգատուի վերջին կամքի իրականացմանը, դիտավորյալ կյանքից զրկել են ժառանգատուին կամ հնարավոր ժառանգներից որևէ մեկին կամ մահափորձ են կատարել նրանց կյանքի նկատմամբ: Բացառություն են կազմում այն անձինք, որոնց նկատմամբ ժառանգատուն կտակը կազմել է մահափորձ կատարելուց հետո:
Անարժան ժառանգներին ժառանգությունից մեկուսացնելու համար հիմք են դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճիռը և (կամ) վճիռը:
Անարժան ժառանգներին ժառանգությունից մեկուսացնելու պահանջով դատարան դիմելու իրավունք ունեն այն անձինք, որոնց համար նման մեկուսացումն առաջացնում է ժառանգության հետ կապված գույքային հետևանքներ: Նշված կանոնները տարածվում են ժառանգության պարտադիր բաժնի իրավունք ունեցող ժառանգների վրա:
Եվգենյա Համբարձումյան