Գրավի տեսակներն են`
1) գրավականը.
2) գրավատուն հանձնված գույքի գրավը.
3) իրավունքների գրավը.
4) դրամական միջոցների գրավը.
5) կոշտ գրավը.
6) շրջանառության մեջ գտնվող ապրանքների գրավը.
7) հիփոթեքը:
Այս մասին սահամանում է քաղաքացիական օրենսգքրի 253-րդ հոդվածը:
Գրավական է համարվում այն գրավը, որի առարկան անցնում է գրավառուի տիրապետմանը:
Անձնական օգտագործման շարժական գույքը քաղաքացիներից գրավ ընդունելը` ի ապահովումն կարճաժամկետ վարկերի, որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացնում են դրա համար թույլտվություն (լիցենզիա) ունեցող մասնագիտացված կազմակերպությունները` գրավատները:
Գրավատանը պահվող գույքի գրավի պայմանագիրը ձևակերպվում է գրավատան կողմից գրավատոմս տալու միջոցով: Գրավ դրվող գույքը հանձնվում է գրավատուն:
Գրավատունը պարտավոր է, հօգուտ գրավատուի, իր հաշվին ապահովագրել գրավ ընդունած գույքը դրա արժեքի լրիվ գումարով` գրավն ընդունելու պահին տվյալ տեսակի և որակի գույքի շուկայական գնին համապատասխան: Գրավատունն իրավունք չունի օգտագործել և տնօրինել գրավ դրված գույքը:
Գրավատունը պատասխանատվություն է կրում գրավ դրված գույքի կորստի և վնասվածքի համար: Գրավով ապահովված վարկի գումարը սահմանված ժամկետում չվերադարձնելու դեպքում գրավատունն իրավունք ունի այդ գույքն իրացնել (վաճառել) հրապարակային սակարկություններով: Դրանից հետո գրավատուի (պարտապանի) նկատմամբ գրավատան պահանջները մարվում են, եթե անգամ գրավ դրված գույքի իրացումից ստացված գումարն անբավարար է դրանք լրիվ բավարարելու համար:
Գրավատների կողմից քաղաքացիներին պատկանող գույքի գրավով նրանց վարկավորման կանոնները սահմանվում են օրենքով:
Գրավատանը դրված գույքի գրավի պայմանագրի պայմանները, որոնք սահմանափակում են գրավատուի իրավունքները սույն օրենսգրքով և այլ օրենքներով նրան վերապահված իրավունքների համեմատությամբ, առոչինչ են:
Իրավունքի գրավի դեպքում գրավի առարկան օտարման ենթակա իրավունքն է, այդ թվում՝ տնտեսական ընկերակցության կամ ընկերության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում կամ արտադրական կոոպերատիվի փայահավաք կապիտալում մասնակցության իրավունքը, պահանջի և այլ օտարման ենթակա իրավունքները:
Ժամկետով տրված իրավունքը գրավի առարկա կարող է լինել միայն մինչև դրա գործողության ժամկետի ավարտը:
Պետական գրանցման ենթակա իրավունքի գրավը վավեր է դրա պետական գրանցման պահից: Փաստաթղթային արժեթղթով հավաստված իրավունքի գրավի դեպքում արժեթուղթը հանձնվում է գրավառուին կամ բանկի կամ նոտարի դեպոզիտ, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
Եվգենյա Համբարձումյան