Ո՞վ իրավունք ունի ձեր բանկային հաշվից դրամական միջոցներ դուրս գրել

Բանկը հաշվից դրամական միջոցներ դուրս է գրում հաճախորդի կարգադրության հիման վրա: Այս մասին սահմանում է քաղաքացիական օրենսգրքի 922-րդ հոդվածը:

Առանց հաճախորդի կարգադրության` հաշվում եղած դրամական միջոցները թույլատրվում է դուրս գրել դատարանի վճռով, ինչպես նաև օրենքով սահմանված կամ բանկի և հաճախորդի միջև պայմանագրով նախատեսված դեպքերում:

Հաճախորդի կարգադրությունները և նրան ներկայացված բոլոր պահանջները բավարարելու համար հաշվում դրամական միջոցների անբավարարության դեպքում դրամական միջոցները դուրս են գրվում հետևյալ հաջորդականությամբ.

  • առաջին հերթին` կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հետ կապված, ինչպես նաև ալիմենտներ բռնագանձելու վերաբերյալ պահանջները բավարարելու համար կատարողական փաստաթղթով նախատեսված դրամական միջոցների փոխանցումները կամ վճարները.
  • երկրորդ հերթին` աշխատանքային պայմանագրով աշխատող անձանց արձակման նպաստների, աշխատավարձի և հեղինակային պայմանագրերով վարձատրության վճարումների հաշվարկների համար կատարողական փաստաթղթով նախատեսված դրամական միջոցների փոխանցումները կամ վճարումները.
  • երրորդ հերթին` վճարային փաստաթղթերով պետական բյուջե և համայնքային բյուջեներ կատարվող վճարները.
  • չորրորդ հերթին` կատարողական փաստաթղթով նախատեսված այլ դրամական պահանջները բավարարելու համար վճարները.
  • հինգերորդ հերթին` այլ փաստաթղթերով վճարները` ըստ դրանց ներկայացման օրացուցային հաջորդականության:

Տվյալ հերթին պատկանող պահանջներով հաշվից միջոցները դուրս են գրվում փաստաթղթերի մուտք լինելու օրացուցային հաջորդականությամբ:

Հաճախորդի անունով մուտք եղած դրամական միջոցները նրա հաշվին ժամանակին չմուտքագրելու կամ դրանք բանկի կողմից հաշվից անհիմն դուրս գրելու, ինչպես նաև դրամական միջոցները փոխանցելու կամ դրանք վճարելու մասին հաճախորդի ցուցումները չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում բանկը պարտավոր է այդ գումարից տոկոսներ վճարել:

Բանկը երաշխավորում է բանկային հաշվի և բանկային ավանդի, հաշվով գործառնությունների ու հաճախորդի մասին տեղեկությունների գաղտնիությունը:

Բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները կարող են տրամադրվել միայն հաճախորդներին կամ նրանց ներկայացուցիչներին:

Պետական մարմիններին և դրանց պաշտոնատար անձանց նման տեղեկություններ կարող են տրամադրվել բացառապես օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

Բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները բանկի կողմից հրապարակվելու դեպքում հաճախորդը, ում իրավունքները խախտվել են, իրավունք ունի բանկից պահանջել պատճառված վնասների հատուցում: Հաշվում եղած դրամական միջոցները տնօրինելու` հաճախորդի իրավունքները չի թույլատրվում սահմանափակել, բացի օրենքով նախատեսված դեպքերում հաշվում եղած դրամական միջոցների վրա արգելանք դնելուց կամ հաշվով գործառնությունները դադարեցնելուց:

Բանկային հաշվի պայմանագիրը հաճախորդի դիմումով լուծվում է ցանկացած ժամանակ:

Եթե այլ բան նախատեսված չէ բանկային հաշվի պայմանագրով, դատարանը բանկի պահանջով կարող է լուծել բանկային հաշվի պայմանագիրը հետևյալ դեպքերում`

1) երբ հաճախորդի հաշվում պահվող դրամական միջոցների գումարը պակաս է բանկային կանոններով կամ պայմանագրով նախատեսված նվազագույն չափից, եթե նման գումարը չի վերականգնվել այդ մասին բանկի զգուշացման օրվանից մեկ ամսվա ընթացքում.

2) մեկ տարվա ընթացքում տվյալ հաշվով գործառնությունների բացակայության դեպքում, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

Հաշվում եղած դրամական միջոցների մնացորդը տրվում է հաճախորդին կամ նրա ցուցումով փոխանցվում է այլ հաշիվ, հաճախորդի համապատասխան գրավոր դիմումն ստանալուց ոչ ուշ, քան յոթ օրվա ընթացքում:

Բանկային հաշվի պայմանագրի լուծումը հիմք է հաճախորդի հաշիվը փակելու համար:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել