Վարկառուի մահվան դեպքում վարկի մարումը կատարվում է հետևյալ ձևով: Եթե կողմերի միջև կնքված վարկային պայմանագիրը սպառողական վարկի պայմանագիր չէ, ապա կողմերի միջև հաղորդակցման կարգը կարգավորվում է վարկային պայմանագրով, իսկ եթե դրան անդրադարձ չկա, ապա կազմակերպությունը ծանուցման պարտականություն չի կրում: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1184-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ժառանգության դեպքում մահացածի գույքը (ժառանգությունը) անփոփոխ վիճակում, որպես միասնական ամբողջություն, անցնում է այլ անձանց (համապարփակ իրավահաջորդություն), եթե այլ բան նախատեսված չէ քաղաքացիական օրենսգրքի կանոններով:
Օրենսգրքի 1186-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ժառանգության զանգվածի մեջ է մտնում ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքը` ներառյալ դրամը, արժեթղթերը, գույքային իրավունքները և պարտականությունները:
Օրենսգրքի 1188-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ժառանգության բացման ժամանակը քաղաքացու մահվան օրն է, իսկ նրան մահացած ճանաչելու դեպքում այդ մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը, եթե այլ օր սահմանված չէ վճռում:
Օրենսգրքի 1227-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում: Վերոնշյալ նորմերից բխում է, որ ժառանգատուի մահվան դեպքում նրա ունեցած գույքը, ներառյալ դրամը, արժեթղթերը, գույքային իրավունքները և պարտականությունները (այդ թվում՝ վարկային պայմանագրից բխող պարտավորությունները) ժառանգատուի մահվանից հետո վեց ամսվա ընթացքում ժառանգությունն ընդունելու դեպքում փոխանցվում են ժառանգությունն ընդունած ժառանգներին: