Ապրանքների ներմուծման և արտահանման փաստաթղթերի հետ կապված մի շարք փուլեր կկատարվեն trade․gov.am-ով

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ trade.gov.am միասնական էլեկտրոնային հարթակին։

«Գործող կարգավորումների համաձայն՝ ապրանքների ներմուծման կամ արտահանման դեպքում տնտեսվարողները, մինչև ապրանքի փաստացի զննման կամ փորձաքննության գործընթացը, պարտավորվում են ըստ ապրանքի տեսակի մի շարք մարմինների ներկայացնել պահանջվող փաստաթղթերը։ Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը յուրաքանչյուր մարմին իրականացնում է առանձին վարչարարությամբ և որոշակի տևողությամբ, իսկ արձանագրված թերությունների շտկման գործընթացը ըստ մարմնի ևս տարբերվում է՝ ժամանակատար է և առաջացնում է դժվարություններ տնտեսվարողների համար, այդ թվում՝ գործընթացի կանխատեսելիության տեսանկյունից»,-նշել է վարչապետը։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է տնտեսական զարգացման և ներդրումների, գյուղատնտեսության, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, բնապահպանաության և առողջապահության, նախարարներին, պետական եկամուտների կոմիտեի նախագահին, «Թվային Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենին և առաջարկել Առևտրաարդյունաբերական պալատի նախագահին՝ 2-ամսյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել գործողությունների ծրագիր՝ ապրանքների ներմուծման և արտահանման փաստաթղթերի նախնական հայտարարագրման և ուսումնասիրման փուլը, արտաքին տնտեսական գործունեության ընթացքում տնտեսվարողներին տրամադրվող թույլտվությունների, անհրաժեշտ ծառայությունների ընդհանուր մատուցումը մեկ միասնական էլեկտրոնային՝ trade․gov.am հարթակի միջոցով իրականացնելու վերաբերյալ՝ նախատեսելով պետական մարմինների գործունեության հանրամատչելի և պարզեցված կարգով իրականացման երաշխիքներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել