Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ մարտի 5-ին, կայացավ 9000 ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու համար մեղադրվող նախկին ավագ դատախազ Խաչատուր Բաղդասարյանի գործով առաջին դատական նիստը: Գործը քննվում է դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ:
Նիստի ընթացքում ամբաստանյալ Խաչատուր Բաղդասարյանը հայտնեց, որ ցանկանում է երկրորդ պաշտպան ունենալ: Դատարանը պաշտպանական կողմի միջնորդությունը բավարարեց և դատական նիստը հետաձգեց մինչև ապրիլի 9-ը:
Նշենք, որ դեռևս 09.06.2012թ.-ին հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել փաստաթղթեր կեղծելու, խաբեությամբ ուրիշի գույքը հափշտակելու և դատախազի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքերի առթիվ: Հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացի Սերգեյ Ափոյանը վարկային կազմակերպությունից 40.000 ԱՄՆ դոլար գումար հափշտակելու նպատակով ամբաստանյալը հիշյալ կազմակերպություն է ներկայացրել կեղծ փաստաթղթեր, սակայն որոշ ժամանակ անց դրանց կեղծ լինելու հանգամանքը բացահայտվել է, որի կապակցությամբ հաղորդում է ուղարկվել դատախազություն:
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Խաչատուր Բաղդասարյանը, ստացված հաղորդման ստուգման արդյունքում պարզելով, որ կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ գույքի հափշտակությունը կազմակերպել է Սերգեյ Ափոյանը, վերջինիս քրեական պատասխանատվությունից ազատելու և հաղորդմանն օրենքով սահմանված կարգով ընթացք չտալու համար միջնորդ Արթուր Ղուկասյանի միջոցով Ս. Ափոյանից պահանջել և 2012 թվականի սեպտեմբերի 3-ին ու 4-ին ստացել է համապատասխանաբար 8.000 և 1.000 ԱՄՆ դոլար կաշառք: Վերը նշված հանցագործությունը կատարելու` առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար Խ. Բաղդասարյանը 10.09.2012թ.-ին ներգրավվել է որպես մեղադրյալ, սակայն քննությունից թաքնվելու հիմքով վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Նույն օրը դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, որից հետո նշված քրեական գործով վարույթը կասեցվել է մինչև հետախուզվող մեղադրյալի հայտնաբերումը: 31.08.2017թ.-ին Խ. Բաղդասարյանը հայտնաբերվել է Ուկրաինայի իրավապահ մարմինների կողմից և 24.11.2017թ.-ին ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից տեղափոխվել Հայաստան:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: