Որոն՞ք են բնապահպանական հարկով հարկման օբյեկտները

Բնապահպանական հարկը բնապահպանական միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացման նպատակով համապատասխան պետական բյուջե վճարվող հարկ է:

Բնապահպանական վճարներ վճարողներ են համարվում այն ֆիզիկական և իրավաբանական անձինք, ովքեր իրականացնում են՝

վնասակար նյութերի շրջակա միջավայր (օդային և ջրային ավազան) արտանետում,

արտադրության և սպառման թափոնների շրջակա միջավայրում տեղադրում,

շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների ներմուծում կամ արտադրություն և իրացում ։

Համաձայն ՀՀ Հարկային օրենսգրքի 164-րդ հոդվածի՝

Բնապահպանական հարկով հարկման օբյեկտներ են համարվում՝

1) մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետումը.

2) ջրային ռեսուրս վնասակար նյութերի և (կամ) միացությունների արտահոսքը.

3) ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնները՝

ա. հատուկ հատկացված տեղերում տեղադրելը,

բ. հատուկ հատկացված տեղերում պահելը.

4) շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների՝

ա. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումը,

բ. ներմուծող-իրացնողների և (կամ) արտադրող-իրացնողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում օտարումը:

Բնապահպանական վճարներ վճարողները վճարների գումարները հաշվարկվում են  ինքնուրույն, եռամսյակի կտրվածքով և պետական բյուջե են վճարում յուրաքանչյուր եռամսյակ։

Շրջակա միջավայր վնասակար նյութեր արտանետելու համար վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում շրջակա միջավայր արտանետված վնասակար նյութերի ծավալի հիման վրա:

Իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող` Հայաստանի Հանրապետությունում հաշվառված և շահագործվող ավտոտրանսպորտային միջոցներից վնասակար նյութերի արտանետման դիմաց վճարը վճարվում է տարեկան մեկ անգամ՝ մինչև դրանց տարեկան տեխնիկական զննությունը:
Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներից Հայաստանի Հանրապետության օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու համար վճարը վճարվում է Հայաստանի Հանրապետության տարածք դրանց մուտք գործելու պահին` վճարումը հաստատող փաստաթուղթը ներկայացնելով համապատասխան մաքսային մարմին:

Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և իրացվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար վճարը հաշվարկում է արտադրողը` իրացման շրջանառության հիման վրա և վճարում է հաշվետու ժամանակաշրջանում իրացված արտադրանքին համամասնորեն:

Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար վճարը հաշվարկվում է այդ ապրանքների մաքսային արժեքի հիման վրա և պետական բյուջե է վճարվում ներմուծելիս: Շրջակա միջավայրին վնաս պատճառող ներմուծվող ապրանքների համար վճարը վճարվում է մինչև դրանց մաքսային ձևակերպումը կամ մաքսային ձևակերպման ժամանակ` վճարումը հաստատող փաստաթուղթը ներկայացնելով համապատասխան մաքսային մարմին:
Արտադրության և սպառման թափոնները շրջակա միջավայրում սահմանված կարգով տեղադրելու համար վճարը հաշվարկվում է` ելնելով հաշվետու ժամանակաշրջանում հատուկ հատկացված տեղերում տեղադրված արտադրության և սպառման թափոնների ծավալներից և դրանց վտանգավորության։

Պետական բյուջե վճարման ենթակա բնապահպանական հարկի գումարները պետական բյուջե են վճարվում մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել