Կառավարության նիստին կսահմանվի, թե ո՞րն է «մոլեխաղ»-ը

Գործադիրը վաղը՝ մարտի 6-ին հերթական նիստի ժամանակ կքննարկի արդարադատության նախարարության կողմից ներկայացված Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը։

Նախագծով լրացվում է «մոլեխաղ» եզրույթին օրենսդրական սահմանման բացը։

Հիմնավորման մեջ նշվում է, որ շատ երկրներում ոչ թե արգելվում, այլ նշված իրավահարաբերությունների կարգավորման շրջանակներում թույլատրվում է անցկացնել մոլեխաղեր կամ այլ շահումով խաղեր:

Բացառություն չէ նաև Հայաստանը, որն օրենսդրորեն կարգավորել է նշված իրավահարաբերությունները: Այսպես, «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խա­ղե­րի և խաղատների մասին» ՀՀ օրենքը կարգավորում է շահումով խաղերի, ինտերնետ շա­հու­մով խաղերի խաղատների գործունեության կազմակերպման և կարգավորման հետ կապ­ված հարաբերությունները, ինչպես նաև սահմանում է դրանց նկատմամբ պետական վերա­հսկողությունը: «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքը` համանման եղանակով կարգավորում է նշված հարաբերությունները և սահմանում պետական վերահսկողության շրջանակները: Նշված օրենքների կարգավորման ոլորտի վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ պետու­թյունը ուղղակիորեն վերահսկողություն է իրականացնում քննարկվող իրավահարաբերություն­նե­րի նկատմամբ` հաշվի առնելով դրանց յուրահատկությունը և հնարավոր հետևանքները:

Հաշվի առնելով մեր պետության ներկայիս քաղաքականությունը և Հա­յաս­տա­նի  անվտանգության, պաշտպանության, տարածքային ամբողջականության, և նրա սահմանների անձեռնմխելիության կարևորագույն սահմանադրական սկզբունք­ները` պետությունը որոշակի արգելքներ է նախատեսել նշված իրավահարաբերությունների շրջանակներում գործառույթներ իրականացնող անձանց, մասնավորապես, ՀՀ զինված ուժերում ծառայողների համար:

Այսպես, ՀՀ քրեական օրենսգրքի 364.1-րդ հոդվածը, որպես զին­վորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություն, պատասխանատվություն է նախատեսում զինծառայողի կողմից զորամասում, ծառայության վայրում կամ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու ընթացքում մոլեխաղերի մասնակցելու կամ դրանց կազմակերպելու համար:

Այս հանցակազմը նախատեսված չի եղել 1961թ. ՀԽՍՀ քրեական օրենսգրքով, ինչպես նաև չի ամ­րագրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրե­ա­կան օրենսգրքում: Նորամուծությունը կատարվել է «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» 2013թ. ապրիլի 30-ի ՀՕ-34-Ն օրենքով, որի անհրաժեշոտությունը զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հան­րորեն վտանգավոր որոշ արարքների` քրեական օրենսգրքում նախատեսված չլինելն էր, իսկ նպատակը` իրավահարաբերությունների կարգավորումն էր և ՀՀ զինված ուժերի մար­տու­նակության ապահովումը:

Դրական գնահատելով նշված հանցակազմի` քրեական օրենսգրքով նախատեսված լինելու հանգամանքը, պետք է փաստել, որ այնուամենայնիվ առկա է իրավական բաց «մոլեխաղ» եզ­րույ­թի օրենսդրական սահմանման և ընկալման առումով: Ի դեպ, ՀՀ վարչական իրավա­խախ­տում­ների վերաբերյալ օրենսգիրքը (179-րդ հոդված), առանձնացնում է մոլեխաղի մի քանի տե­սակներ (թղթախաղ, զառախաղ, պտուտախաղ, «մատնոց» և այլն), սակայն նույնպես չի սահմանում մոլեխաղի հասկացությունն ու հիմնական հատկանիշները: Արդյունքում, «մոլե­խաղ» հասկացությանը տրվում են տարաբնույթ և հակասական մեկնաբանություններ:

«Մոլեխաղ» եզրույթը լեզվաբանական տարբեր հիմք ունի: Օրինակ` հայերենում «մոլեխաղ» նշա­նակում է այնպիսի խաղ, որտեղ հաղթելը կամ պարտվելը կախված է պատա­հականու­թյունից, ոչ թե խաղացողի հմտություններից, ֆրանսերենում` «jeu de hazard», անգլերենում` «gambling» բառերը նշանակում են պատահականության վրա հիմնված խաղ, ռուսերենում` «азартная игра» բառը եկել է «азардовать» բառից, որը նշանակում է ռիսկի դիմել:

Տեսական գրականությունում առկա «մոլեխաղ» եզրույթի տարաբնույթ սահմանումների ուսում­նա­սիրության արդյունքում կարելի է առանձնացնել դրա ընդհանուր հատկանիշները. «ռիսկի վրա հիմնված համաձայնություն, «այդպիսի համաձայնությունը կնքվում է երկու կամ ավելի ան­ձանց միջև, այն կնքվում է շահումի վերաբերյալ, այսինքն` տվյալ համաձայնությունը ունի գույքային առավելություն ձեռք բերելու նպատակ: Քանի որ համաձայնությունը կնքվում է շա­հու­մի` որոշակի գույքի, գույքի նկատմամբ իրավունքի, արժեթղթերի կամ որևէ այլ առա­վե­լու­թյան վերաբերյալ, ուստի ռիսկը ենթադրում է նաև գույքային անբարենպաստ հետևանքների առաջացման և դրամական միջոցների կորստի հավանականություն: Դրամական միջոցները ան­հրաժեշտ պայման են ռիսկի ձևավորման համար, սակայն, պետք է նշել, որ շատ դեպ­քե­րում այդպիսի միջոցները առարկայապես չեն արտահայտվում, այսինքն` խաղացողների կող­մից համաձայնություն կնքելու պահին դրամական միջոցները փաստացի բացակայում են, բայց ռիսկը ապահովված է համարվում արդեն իսկ կնքված համաձայնությամբ սահմանված գումարի չափով:

Կարևոր պայման է երկու կամ ավելի անձանց առկայությունը, որովհետև անձը չի կարող ինքն իր նկատմամբ ձեռք բերել գույքային առավելություններ, և նման պայմաններում ռիսկը չի կարող հիմնված լինել սեփական գույքի կորստի վրա: Ավելին, «համաձայնություն» բառը արդեն իսկ ենթադրում է երկու կամ ավելի անձանց կամքի դրսևորում:

Մոլեխաղին թեկուզ մեկ անգամ մասնակցելը կամ մեկ անգամ մոլեխաղ կազմակերպելը ար­դեն իսկ ենթադրում է ավարտված հանցագործություն: Արարքի ավարտը պետք է կախված լինի գործողությունների բնույթից ու դրանց նպատակից` գույքային կամ այլ առավելություն ձեռք բերելուց, ոչ թե կատարված գործողությունների քանակից ու պարբերականությունից:

Այսպիսով, վերոշարադրյալի հիման վրա քննարկվող հոդվածի իմաստով կարելի է սահմանել մո­լեխաղի հետևյալ հասկացությունը. «մոլեխաղը` գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժե­թղթեր կամ այլ առավելություններ ստանալու նպատակով երկու կամ ավելի մասնակիցների միջև կամ կազմակերպչի կողմից սահմանված կանոններով շահումի վերաբերյալ ռիսկի հիման վրա համաձայնությամբ խաղ է»:

Նախարարության կարծիքով, նշված սահմանումը կապահովի քրեաի­րա­վա­կան նորմերի որոշակիություն և կբացառի տարաբնույթ մեկնաբանությունները:

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել