Գյուղատնտեսության նախարարության կողմից ընդունված իրավական ակտը պետք է անվավեր ճանաչվի

«Իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 5-րդ կետը սահմանում է, որ Եթե Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը պարզում է, որ հրապարակման ուղարկված իրավական ակտը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության օրենքներին և իրավական այլ ակտերին, կամ այդ ակտերի մշակման կամ ընդունման ժամանակ չեն պահպանվել օրենքի պահանջները, ապա նախարարությունը պարտավոր է հայց հարուցել դատարան սույն օրենքի պահանջների խախտմամբ ընդունված նորմատիվ ակտերն անվավեր ճանաչելու համար:

Հիշեցնենք, որ գյուղատնտեսության նախարարությունը «ՀՀ-ում 2018 թվականի գարնանացան ցորենի, ոլոռի, սիսեռի գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագրին հավանություն մասին» արձանագրային որոշման նախագիծը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft.am)  տեղադրել է փետրվարի 22-ին: Այն նույն օրը, երբ նախագիծը արդեն ընդգրկված է եղել կառավարության նիստի օրակարգում:

ՀՀ օրենքի 27.1 հոդվածի 4-րդ կետը. «…Հանրային քննարկումներն իրականացվում են նախագիծը մշակող մարմնի ինտերնետային կայքում նորմատիվ իրավական ակտի նախագիծը, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված այլ նյութերը հրապարակելու միջոցով, իսկ նախագիծ մշակող մարմնի նախաձեռնությամբ կարող են իրականացվել հանրային կամ շահագրգիռ անձանց հետ հանդիպումների, բաց լսումների, քննարկումների, հասարակական հարցումների, ինչպես նաև հեռահաղորդակցության հնարավոր միջոցներով:

Հանրային քննարկումների իրականացման ժամկետն առնվազն 15 օր է»:

Ավելին, արձանագրային որոշումը տեղադրվել է e-draft.am կյաքում արդեն իսկ կառավարության նիստի ընթացքում, ընդունվելուց հետո՝ 11:35-ին:

Նշենք, որ նշված խախտման համար որևէ պատասխանատվություն սահմանված չէ ո՛չ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով, ո՛չ իրավական ակտերի մասին օրենքով:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել