Համաձայն «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 51-րդ Հոդվածի. Բռնագանձում չի կարող տարածվել քաղաքացի-պարտապանին պատկանող հետևյալ գույքի վրա`
1) գործածության մեջ գտնվող տնային օգտագործման առարկաների, հագուստեղենի, կոշկեղենի, սպիտակեղենի, անկողնային և մանկական պարագաների, բացառությամբ պերճանքի առարկաների և այն առարկաների, որոնք պատրաստված են թանկարժեք նյութերից կամ ունեն պատմական կամ գեղարվեստական արժեք.
2) պարտապանի մասնագիտական պարապմունքների համար անհրաժեշտ առարկաների, ձեռնարկների ու գրքերի, բացառությամբ այն դեպքերի, երբ պարտապանը դատարանի դատավճռով զրկված է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից և այն առարկաների, որոնք պատրաստված են թանկարժեք նյութերից կամ ունեն պատմական կամ գեղարվեստական արժեք.
3) այն անձանց ընտանի կենդանիների (2 միավոր), ընտանի թռչունների (10 միավոր), անասնակերի, հերթական ցանքի համար անհրաժեշտ սերմացուի, որոնց հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է.
4) մինչև 5.000 դրամ արժողությամբ գույք, եթե դրանք մեկ միասնական խմբաքանակ չեն կազմում.
5) հաշմանդամների համար նախատեսված հատուկ փոխադրամիջոցներ.
6) միակ այն բնակարանի (այդ թվում՝ բնակարանի հետ մեկ միասնական գույքային միավոր կազմող տնամերձ հողամասի և այդ հողամասի վրա առկա օժանդակ կառույցների) կամ դրա բաժնի, որը պարտապանի համար հանդիսանում է մշտական բնակության միակ վայր, և որի մեկնարկային գինը հավասար կամ ցածր է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված` միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարից: Եթե միակ բնակարանն իրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված գումարը գերազանցող գնով, ապա Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված` միակ բնակարանի իրացման համար նախատեսված գումարը վերադարձվում է պարտապանին: Սույն կետով սահմանված դրույթները չեն տարածվում այն դեպքերի վրա, երբ գույքը գրավադրված է պահանջատիրոջ պահանջի ապահովման համար, ինչպես նաև երբ բավարարվում են ալիմենտային, կյանքին կամ առողջությանը կամ հանցագործության պատճառված վնասների հատուցման պահանջները.
7) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված` միակ բնակարանի իրացման համար նախատեսված գումարը, որը վերադարձվել է պարտապանին: