Գողություն տուրիստական ընկերության գրասենյակից. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանում գործող տուրիստական ընկերություններից մեկի գրասենյակից գողություն կատարած անձի ինքնությունը:

Նախնական տվյալներով՝ 2018թ. լույս հունվարի 13-ի գիշերը ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, Երևան քաղաքի կենտրոնում, գործող տուրիստական ընկերություններից մեկի գրասենյակի պատուհանի ապակին կոտրելով, մուտք է գործել գրասենյակի տարածք և հափշտակել համակարգիչ, երկու բջջային և երկու քաղաքային հեռախոս՝ պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրում տեղակայված անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության: Տեսանյութի մեջ երևում է, թե ինչպես է մի տղամարդ շրջում գրասենյակի սրահում, վերցնում ինչ-որ իրեր:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ՝ նրա՝ դեպքի վայրում գտնվելու հանգամանքները պարզելու համար։

Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր որևէ տեղեկություն ունեն դեպքի վերաբերյալ, ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել