Գույքի և դրա նկատմամբ իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը հանդիսանում է անշարժ գույքի կադաստրի հիմնական գործառույթներից մեկը:
ԱՆշարժ գույքի միավորի հետ կապված գործողություններ իրականացնելիս, այն է` առուվաճառք, վարձակալություն, գրավ և այլն, իրականացնող մարմնի կողմից պահանջվում է անշարժ գույքի միավորի վերաբերյալ միասնական տեղեկանք:
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածով սահմանվում է, որ միասնական տեղեկանքն իրենից ներկայացնում է գրանցման մատյանից և կադաստրային գործից անշարժ գույքի միավորի վերաբերյալ տեղեկությունների միասնական քաղվածք: Միասնական տեղեկանքում պետք է նշվեն դրա տրամադրման պահին տվյալ անշարժ գույքի միավորի նկատմամբ գրանցման մատյանում գրանցված բոլոր իրավունքները և սահմանափակումները, ինչպես նաև գրանցման մատյանում գույքի վերաբերյալ գրառված այլ տեղեկությունները, ընդ որում, միասնական տեղեկանք տրամադրվում է միայն անշարժ գույքի այն միավորների վերաբերյալ, որոնց նկատմամբ իրավունքները գրանցվել են 1998 թվականի մարտի 1-ից հետո:
Վերոնշյալ օրենքի հոդված 73-ի 5-րդ կետի համաձայն անշարժ գույքի միավորի վերաբերյալ միասնական տեղեկանքի տրամադրման համար գանձվող վճարն է 10 000 ՀՀ դրամ: