Ռեկտորները հայ ժողովրդի թշնամին չեն, խարդախություն չկա. Լևոն Մկրտչյանը՝ պատգամավորին

Ազգային ժողովում սկսվեց կառավարության հետ հարցուպատասխանը:

Նիստից բացակայում էին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, ինչպես նաև տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյան:

«Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին հարց ուղղեց «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի անդամ Մարինա Մարգարյանը:

«20-րդ հոդվածի 4-րդ կետի և 28-րդ հոդվածի 12-րդ կետի համաձայն ռեկտորի լիազորությունները դադարեցվում են, եթե լրացել է նրա 70 տարին, իսկ ամբիոնի վարիչներինը՝ 65 տարին լրանալուն պես: Սա օրենսդրական խարդախություն է, շիլաշփոթ է ստեղծվում… Սա ուղղակի ռեկտորների համայնքի ճնշման հետևա՞նք է, որը կոպիտ ձևով խախտում է ամբիոնի վարիչների հիմնական իրավունքները, թե ունեք այլ հոդաբաշխ պարզաբանում»,-հարցրեց պատգամավորը:

Լևոն Մկրտչյանը ելույթի սկզբում հորդորեց վիրավորական ենթատեքստ ունեցող տերմիններից խուսափել և հիշեցրեց, որ իրենք գտնվում են Ազգային ժողովի բարձր ամբիոնում:

«Որակումների առումով կոչ եմ անում պատգամավորներին պահպանել տարրական նորմերը: Ես համբերություն ունեմ, մոտ 20 տարի է քաղաքականության մեջ եմ և կարող եմ հանգիստ պատասխանել բոլոր հարցերի: Ռեկտորները հայ ժողովրդի թշնամին չեն, խարդախություն չկա: Պետք է խստացնել և հավասար դաշտ բերե՞լ, դա ձևակերպեք որպես առաջարկություն, մենք էլ հաճույքով կընդունեք դա: Պարզապես ուզում ենք նորմալ օրենք բերել, որ մի մարդը 4 տեղ ամբիոնի վարիչ չլինի, մի մարդը տարբեր տեղեր այլ պաշտոններ չզբաղեցնի, կես դրույքով ամբիոնի վարիչ չլինի»,-նշեց նախարարը:

Մարինա Մարգարյանը պնդեց, որ սա ծանր սոցիալական խնդիր է և մեծ դժգոհութոյւն է առաջացնում դասախոսամանկավարժական և պրոֆեսորական անձնակազմի մոտ. «Կուզեի մեկ անգամ ևս շեշտել, որ ամբիոնի վարիչը զուտ գիտամանակավարժական է, չի կարելի ամբիոնի վարիչի պաշտոնը դարձնել վարչական»:

Նախարարը նշեց, որ ամբիոնի վարիչների պաշտոնը նախկին օրենքում վարչական էր, որովհետև նա իրականացնում է և՛ գիտամանկավարժական, և՛ վարչական գործառույթ. «Ծանրաբեռնվածություն է ձևավորում, աշխատաժամանակ է բաշխում: Ինքը իրականացնում է որոշակի վարչական աշխատանք, որը համադրվում է դեկանի կողմից: Աշխարհի փորձը կա, հեծանիվ չենք հայտնաբերում: Հիմա ամբիոնի վարիչը 0, 25 դրույքով ես չեմ հասկանում, ինքս այդ միջավայրից եմ»:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել