Օտարերկրյա դատապարտյալներին ամիսը 2 անգամ տեսազանգի հնարավորություն կտրվի

Կառավարությունը ստորագրել է N 1599-Ն որոշումը, որով սահմանվում է արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը:

Այսպիսով, որոշումը ուժի մեջ մտնելուց հետո օտարերկրյա կալանավորված անձանց կամ դատապարտյալներին, որոնց մերձավոր ազգականները չեն կարող տեսակցել նրանց,  տրամադրվում է ամսվա ընթացքում երկու անգամ մինչև քսան րոպե տևողությամբ տեսազանգից օգտվելու հնարավորություն:

Կալանավորված անձին տեսազանգից օգտվելու հնարավորություն տրամադրվում է քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից արգելանքի բացակայության դեպքում:

Հասարակական կարգի, ինչպես նաև անվտանգության ապահովման նկատառումներով քրեակատարողական հիմնարկի վարչակազմի պատճառաբանված որոշմամբ տեսազանգը կարող է տեղի ունենալ վարչակազմի ներկայացուցչի ներկայությամբ՝ դրա մասին նախապես տեղյակ պահելով կալանավորված անձին կամ դատապարտյալին:

Կալանավորված անձի կամ դատապարտյալի դիմումի հիման վրա տեսազանգից օգտվելու հնարավորությունը տրամադրվում է համապատասխանաբար կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պետի սահմանած ժամանակացույցով:

Տեսազանգից օգտվելու գործընթացը հաշվառվում է համապատասխան մատյանում, որտեղ նշվում են կալանավորված անձանց և դատապարտյալների անվանական տվյալները, տեսազանգից օգտվելու հաճախականությունը և տևողությունը, տեսազանգից հրաժարվելու դեպքերը և պատճառները:

Տեսազանգը կազմակերպվում է կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի՝ դրա համար տեխնիկական սարքավորումներով կահավորված սենյակում:

Նշենք, որ որոշումը ընդունվել է 2017 թվականի դեկտեմբերի 14, սակայն ուժի մեջ կմտնի 2018 թվականի նոյեմբերի 1-ին:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել