Արդեն Ազգային ժողովի կողմից առաջադրվել են բարձրագույն դատական խորհրդի 5 անդամների թեկնածությունը։ Նրանք են սահմանադարական դատարանի գործող նախագահ Գագիկ Հարությունյանը, իրավագիտության պրոֆեսոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիպարիտ Մելիքջանյանը, փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու Հայկ Հովհաննիսյանը, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Սերգեյ Մեղրյանը: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը:
Հիշեցնենք, որ խորհուրդը բաղկացած է լինելու 10 անդամից: Խորհրդի 5 անդամին առաջադրում է Ազգային ժողովը, իսկ մյուս 5-ը ընտրվում են դատավորների ընդհանուր ժողովի կողմից:
Ազգային ժողովի կողմից ընտրված կարող է լինել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա փորձառությամբ իրավաբան գիտնական և այլ հեղինակավոր իրավաբան հանդիսացող անձը:
Անձի հեղինակավոր իրավաբան հանդիսանալու հանգամանքը որոշելիս հաշվի է առնվում նրա նշանակալից իրավական իրադարձությանը մասնակցությունը:
Ազգային ժողովի կողմից որպես բարձրագույն դատական խորհրդի անդամ չի կարող ընտրվել այն անձը, ով դատավոր է կամ զբաղեցնում է պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ վերջին հինգ տարում զբաղվել է քաղաքական գործունեությամբ:
Ազգային ժողովի կողմից որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ չի կարող ընտրվել այն անձը,
- ով դատապարտվել է հանցագործության կատարման համար` անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից,
- որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքերով,
- որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում,
- ով ունի դատավորի պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն:
Ընտրվելուց հետո Բարձրագույն դատական խորհրդի Ազգային ժողովի կողմից ընտրված անդամը չի կարող զբաղվել քաղաքական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, պաշտոն առևտրային կազմակերպություններում, կատարել վճարովի աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:
Եվգենյա Համբարձումյան