ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու առերեւույթ հանցագործությունների առթիվ:
Արարատի մարզի բնակիչ Ա. Հ.-ն հաղորդում է տվել, որ իր համագյուղացուց գույք գողանալու կասկածանքով իրեն բերման են ենթարկել ոստիկանության Մասիսի բաժին, որտեղ ոստիկաններից մեկն իրեն համոզել է խոստովանել, որ ինքն է կատարել իրականում չկատարած գողությունը` փոխարենը խոստանալով, որ նման ցուցմունք տալու դեպքում քրեական պատասխանատվության չի ենթարկվի:
Մեկ այլ քաղաքացի` Է. Խ.-ն, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ գողություններ կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին, որտեղ ոստիկանների կողմից իրեն տրված 220.000 ՀՀ դրամ գումարի եւ իրեն կալանավայր չտեղափոխելու խոստման դիմաց խոստովանել է Արարատի մարզում իր կողմից չկատարված 5 դրվագ գողությունների դեպքերը:
Այսպիսով, ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու վերը նշված առերեւույթ հանցագործությունների դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել են քրեական գործեր` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:
Կատարվում է նախաքննություն: