Խնամատար ընտանիքին վճարվող դրամական միջոցները

Խնամատար ընտանիքին ամսական ժամանակահատվածով վճարվում են դրամական միջոցներ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով և չափով:

Խնամատար ընտանիքին վճարվող դրամական միջոցները կազմված են`

  1. երեխայի խնամքի և դաստիարակության համար նախատեսված միջոցներից.
  2. երեխայի խնամքի և դաստիարակության դիմաց տրվող վարձատրությունից:

Խնամատար ընտանիքին վճարվող դրամական միջոցների ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաև օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

Խնամատար ընտանիքին վճարվող դրամական միջոցները չեն կարող պակաս լինել մեկ երեխայի համար նախատեսված` պետության հոգածության կենտրոններում երեխաների շուրջօրյա խնամքի և դաստիարակության համար գումարի չափից:

Սույն փոփոխությունը ուժի մեջ է մտել 2018թ. հունվարի 18-ից:

ՀՀ Կառավարության 2008թ. մայիսի 8-ի № 459-Ն որոշման № 2 հավելվածով կարգավորվում են երեխային պահելու համար խնամատար ընտանիքին տրամադրվող ամսական դրամական միջոցների վճարման, ինչպես նաև երեխայի խնամքի և դաստիարակության համար խնամատար ծնողներին տրվող վարձատրության հետ կապված հարաբերությունները:

Երեխայի ապրուստը հոգալու, երեխային պահելու համար անհրաժեշտ անձնական հիգիենայի պարագաների, կենցաղային իրերի, հագուստի, կոշիկի, անկողնային պարագաների, սննդի, խաղալիքների, խաղերի, գրքերի և այլ գրենական պիտույքների ու կահույքի ձեռքբերման, ջեռուցման, լուսավորության, ջրմուղ-կոյուղու և այլ կոմունալ ծառայությունների դիմաց վճարման համար խնամատար ծնողին յուրաքանչյուր ամիս վճարվում են դրամական միջոցներ, ինչպես նաև վարձատրություն` երեխայի խնամքի և դաստիարակության համար:

Երեխային պահելու համար խնամատար ծնողին տրամադրվող ամսական դրամական միջոցների վճարումն ու երեխայի խնամքի և դաստիարակության համար տրվող վարձատրությունն իրականացվում է խնամատար ընտանիքի բնակության վայրի մարզպետի, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետի և խնամատար ծնողի միջև կնքված` «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցները խնամատար ընտանիքին տրամադրելու մասին» պայմանագրի (այսուհետ` պայմանագիր) հիման վրա:

Խնամատար ընտանիքին երեխային պահելու համար տրվող ամսական դրամական միջոցները մեկ երեխայի հաշվարկով կազմում են տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով մանկատներում մեկ երեխայի խնամքի համար նախատեսված գումարի չափով, երկու երեխայի համար` մեկ երեխայի համար հաշվարկված գումարի 150 տոկոսի, իսկ երեք և ավելի երեխաների համար` 200 տոկոսի չափով:

Մեկ երեխայի խնամքի և դաստիարակության համար խնամատար ծնողներից մեկին տրամադրվում է վարձատրություն «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափով, երկու երեխայի համար` նվազագույն ամսական աշխատավարձի 150 տոկոսի, երեք և ավելի երեխաների համար` նվազագույն ամսական աշխատավարձի 200 տոկոսի չափով:

Յուրաքանչյուր ամսվա համար երեխային պահելու համար դրամական միջոցներն ու երեխայի խնամքի և դաստիարակության համար վարձատրությունը խնամատար ծնողին է տրամադրվում ՀՀ Կառավարության 2008թ. մայիսի 8-ի № 459-Ն որոշմամբ սահմանված կարգով սահմանված ժամկետներում` պայմանագրի գործողության ամբողջ ժամանակահատվածի համար, այսինքն՝

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մարզպետներից, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետից ֆինանսավորման հայտ-պահանջագրերն ստանալուց հետո 3-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում խնամատար ընտանիքին տրամադրվող միջոցների վճարումները հիմնավորող փաստաթղթերը: Վճարման ենթակա գումարը սահմանված կարգով փոխանցվում է Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետարանի, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմն սպասարկող` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության տեղական գանձապետական բաժիններում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի անվամբ բացված գանձապետական հաշիվներին: Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետարանի, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը վճարման ենթակա գումարը խնամատար ծնողի բանկային հաշվին է փոխանցում այդ նպատակի համար հատկացված միջոցներն ստանալուց հետո 2 բանկային օրվա ընթացքում:Իրազեկման աղբյուրը՝ ՀՀ Ընտանեկան Օրենսգրքի  140-րդ հոդված,«ՀՀ Ընտանեկան Օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ Օրենք հոդված 35-րդ (ընդունված12.2017թ.),ՀՀ Կառավարության 2008թ. մայիսի 8-ի № 459-Ն որոշում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել