Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 21-ին կայանալիք նիստում կքննարկվի Ազգային ժողովի պատգամավոր Միհրան Պողոսյանի «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նոր օրենքի նախագիծը:
Առաջարկվում է դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդում գոյացած միջոցների 40 տոկոսն օգտագործել համակարգի զարգացման և ծառայողների նյութական խրախուսման, 40 տոկոսը՝ կատարողական ծախսերի, 20 տոկոսը՝ հարկադիր կատարողի վարչարարության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման համար։
Հարկադիր կատարողի վարչարարության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման համար հատկացված միջոցների չօգտագործված մասը հավասարաչափ կուղղվի կատարողական ծախսերի ու համակարգի զարգացման և ծառայողների նյութական խրախուսման համար։
Պատգամավորը իր նախագծի հիմնավորման մեջ նշել է, որ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդում գոյացած միջոցների բաշխման սահմանաչափերը և դրանց հարաբերակցությունը օրենքով ամրագրելու անհրաժեշտությամբ։
«Ներկայիս գործող օրենքով ֆոնդում գոյացած միջոցների բաշխման սահմանաչափերը ամրագրված չեն, և այդ հարցը թողնված է կառավարության որոշման կարգավորմանը, ինչպիսի պայմաններում մենք կարող ենք ունենալ մի այնպիսի իրավիճակ, երբ հարկադիր կատարողի կողմից վարչարարության հետեւանքով պատճառված վնասը այնքան է, որ դրա փոխհատուցման արդյունքում միջոցներ չեն մնա մյուս ուղղություններին հատկացնելու համար, ինչի արդյունքում, իհարկե, կխաթարվի ԴԱՀԿ ծառայության բնականոն աշխատանքը»,-նշված է նախագծում։
Միհրան Պողոսյանը գտնում է, որ օրենքով սահմանված ֆոնդում գոյացած միջոցների բաշխվածությանը պետք է օրենքով տալ տոկոսային հարաբերակցություն՝ ըստ համապատասխան ուղղությունների։ Դրանից հետո նոր միայն կառավարությունը պետք է որոշի ֆոնդում գոյացած ամբողջ միջոցների օգտագործման կարգը։ Հարկադիր կատարողի վարչարարության հետեւանքով պատճառված վնասի փոխհատուցման համար հատկացվող միջոցներից խնայողություններ առաջանալու դեպքում, կառավարությունը իրավասու կլինի սահմանել այդ միջոցների օգտագործումը մյուս երկու ուղղությունների համար հավասարաչափ, ինչն էլ կապահովի ճկունություն դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդում գոյացած միջոցները բաշխելու հարցում:
«Անդրադառնալով միջոցներն այլ ուղղություններով ծախսելուն, պետք է փաստել, որ ֆոնդում գոյացած միջոցների օգտագործման ուղղությունները այնքան լայն են և ամբողջական, որ դրանց օգտագործման համար այլ ուղղություն սահմանելու կարիքը բացակայում է։ Նույնիսկ՝ հետագայում նոր ուղղության կարիք առաջանալու դեպքում, վերջինս պետք է լինի հիմնավորված և սահմանվի օրենսդրական նախաձեռնության արդյունքում»,-նշված է նախագծում։
Պատգամավորի խոսքով՝ օրենքով նման բաշխվածություն սահմանելով՝ կերաշխավորվի բոլոր ուղղությունների համար օգտագործվող միջոցների օպտիմալ հատկացումները և կբացառենք ֆոնդում գոյացած ուղղություններից որևէ մեկի համար ամբողջական կամ մեծ մասի հատկացումը։ Նման կերպ կսահմանվեն հարկադիր կատարողների նյութական խրախուսման, դատական ակտերի կատարման արդյունքում առաջացող ծախսերի և դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կայուն զարգացման համար հատկացվելիք միջոցների երաշխավորված չափ՝ միաժամանակ ապահովելով հարկադիր կատարողների վարչարարության հետևանքով պատճառված վնասների փոխհատուցումները։
«Փորձից ելնելով՝ կարող եմ ասել, որ նման բաշխվածության սահմանումը կապահովի, որպեսզի ի սկզբանե բյուջետավորվի հարկադիր կատարումն ապահովող ծառայության ծախսերն ու եկամուտները, իսկ նման սահմանաչափերը ԴԱՀԿ ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցները համապատասխան ուղղություններով օգտագործելու ողջամիտ լուծումն է, որը հնարավորություն կտա այդ միջոցները արդարացիորեն և հնարավորինս համաչափ բաշխվածությամբ ուղղել ըստ նախատեսված ուղղությունների»,-նշել է Միհրանը Պողոսյանը:
Եվգենյա Համբարձումյան