Քննիչը մեղադրյալին և նրա պաշտպանին ստիպված կլինի ուղարկել քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշման պատճենը. նոր նախագիծ

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը կառավարության հավանությանն է ներկայացրել նոր նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել  քրեական դատավարության  օրենսգրքում:

Նոր կարգավորմամբ՝ քննիչը տուժողին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին և նրանց ներկայացուցիչների մեղադրյալին և նրա պաշտպանին ուղարկում է քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշման պատճենը՝ պարզաբանելով որոշման բողոքարկման կարգը:

Քննիչը նաև  կասկածյալին, մեղադրյալին, պաշտպանին, ինչպես նաև տուժողին, նրա ներկայացուցչին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին կամ նրանց ներկայացուցիչներին, ինչպես նաև այն ֆիզիկական անձի կամ իրավաբանական անձի ներկայացուցչին, որոնց հայտարարության հիման վրա հարուցվել է քրեական գործը, ուղարկում է քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման պատճենը՝ պարզաբանելով գործի նյութերի հետ ծանոթանալու նրանց իրավունքը և որոշման բողոքարկման կարգը:

Նախարարությունը նախագծի ընդունումը պայմանավորում է տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի և նրանց ներկայացուցիչների շահերն արդյունավետ պաշտպանելու անհրաժեշտությամբ:

Գործող քրեական դատավարության օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քննիչը պարտավոր է շահագրգիռ անձանց գրավոր տեղեկացնել քրեական գործով վարույթը կասեցնելու մասին և միաժամանակ պարզաբանել, որ քրեական գործով վարույթի կասեցման մասին որոշումը կարող է բողոքարկվել նույն օրենսգրքով նախատեսված կարգով:

Նշված նորմերի մեկնաբանությունը  թույլ է տալիս եզրակացնել, որ քննիչը զուտ տեղեկացնում է որոշման մասին: Այսինքն, շահագրգիռ անձիք, տեղեկանալով կասեցված վարույթի մասին, չեն ստանում որոշման պատճենը, այլ վերջիններիս ուղղակի բացատրում են դրա բողոքարկման հնարավորության մասին:

Պրակտիկայում քննիչների կողմից վերոնշյալ որոշումների միայն տեղեկացման և դրանց բողոքարկման կարգի պարզաբանման, ինչպես նաև արդյունքում փաստացի որոշման պատճենի չտրամադրման հիմնավորում է հանդիսանում այն, որ օրենսգրքով նման դատավարական կարգ սահմնաված չէ:

Իրականացնելով քննարկվող ինստիտուտի համեմատական վերլուծություն օրենսգրքի այլ դրույթների ու կարգավորումների միջեւ եւ համեմատելով խնդրո առարկա կարգավորումը քրեական գործով վարույթի կարճման ինստիտուտի հետ, պարզ է դառնում, որ այնտեղ կարգավորումն ընթացել է այլ ճանապարհով, մասնավորապես՝ տուժողին ուղարկվում է կարճման որոշման պատճենը՝ դրանով իսկ նախատեսելով բոլոր իրական հնարավորությունները նշված որոշումը բողոքարկելու համար:

Նախարարությունը նշում է, որ հարկավոր է հաշվի առնել, որ քրեական գործով վարույթի կասեցման մասին որոշումն ուղղակիորեն վերաբերում է տուժողի շահերին, եւ հաշվի առնելով այն, որ անձանց արդյունավետ պաշտպանության իրավունքի իրականացման համար միջոցների նախատեսումն ու մատչելիության ապահովումը պետության պոզիտիվ պարտականությունն է, տրամաբանական կլիներ, որ քննիչը տուժողին տրամադրեր քրեական գործով վարույթի կասեցման մասին որոշման պատճենը եւ պարզաբաներ, որ նշված որոշումը կարող է բողոքարկվել  քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել