«Սոցիալական աշխատանքի մասին» օրենքի նախագիծ է ներկայացվել

«Սոցիալական աշխատանքի մասին» օրենքի նախագիծ է ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Օրենքով սահմանվում են սոցիալական աշխատանքի հասկացությունը, սոցիալական աշխատանքի սկզբունքները, սոցիալական աշխատանքի շրջանակներում իրականացվող միջոցառումները, սոցիալական աշխատանքի մասնագետների իրավունքներն ու պարտականությունները, նրանց գործունեության երաշխիքները, սոցիալական աշխատանքի մասնագետների պալատի  գործունեության հիմնական նպատակը և խնդիրները, կարգավորվում են պալատի մարմինների կազմավորման, նրանց լիազորությունների իրականացման և որոշումների ընդունման, սոցիալական աշխատանքի մասնագետների հավաստագրման, վերապատրաստման, պալատի անդամի կարգապահական պատասխանատվության և խրախուսման, անկախ մասնագիտական գործունեության իրականացման, սուպերվիզիայի իրականացման հետ կապված հարաբերությունները:

Սոցիալական աշխատանքը սոցիալական արդարության ու մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքների վրա հիմնված մասնագիտական գործունեություն է ուղղված անհատի, ընտանիքի, խմբերի կենսական պահանջմունքների բավարարմանը՝ ուժեղացնելով նրանց գործառնական կարողությունները, ինչպես նաև համայնքների սոցիալական պատասխանատվության մեծացմանը և սոցիալական պլանավորմանը:

Սոցիալական աշխատանքը կարող է իրականացվել՝

1) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով՝ սոցիալական աշխատանքի մասնագետի՝ որպես աշխատող հանդես գալու դեպքում, այդ թվում՝ քաղաքացիական ծառայող կամ համայնքային ծառայող (որպես գործատուի մոտ վարձու աշխատանքային գործունեություն).

2) իրավաբանական և ֆիզիկական անձանց (բայց ոչ շահառուների) հետ կնքած քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա (որպես քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայությունների մատուցում կամ աշխատանքների կատարում).

3) որպես անկախ մասնագիտական գործունեություն՝ սույն օրենքով և պալատի կողմից սահմանված կարգով:

Սոցիալական աշխատողն իրավունք ունի`

1) ազատորեն ընտրել և կիրառել սոցիալական աշխատանքում ընդունված, սոցիալական աշխատանքի բնագավառի օրենսդրությանը և կանոնագրքին համապատասխանող մոտեցումները, մեթոդները, տեխնիկաները և մոդելները, որոնք իր գնահատմամբ առավել արդյունավետ են ակնկալվող արդյունքի և իրականացման ժամկետների տեսանկյունից.

2) դիմելու պետական, տեղական ինքնակառավարման մարմիններին, ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ շահառուներին սոցիալական ծառայություններ տրամադրելու համար անհրաժեշտ աջակցություն ստանալու նպատակով.

3) սոցիալական դեպքի վարման շրջանակում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հարցմամբ դիմելու պետական, տեղական ինքնակառավարման մարմիններին, ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ շահառուի սոցիալական կարիքների բավարարման, անհատական սոցիալական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններ և փաստաթղթեր ստանալու նպատակով, բացառությամբ, երբ պահանջվող տեղեկությունները և փաստաթղթերը պարունակում են օրենքով պահպանվող գաղտնիք.

4) ներկայացնել առաջարկություններ անհատական սոցիալական ծրագրում ներառման ենթակա միջոցառումների, սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացի հայեցողական լիազորությունների շրջանակներում որոշումների կայացման վերաբերյալ.

5) իրականացնել իրազեկման և կազմակերպական միջոցառումներ՝ աջակցող ցանցում սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպություններին, տարածքային կառավարման պետական մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև ֆիզիկական անձանց ներգրավելու նպատակով.

6) սոցիալական աշխատանքի իրականացման ընթացքում՝ առանձին, խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ), անարգել հանդիպելու շահառուի հետ, եթե դա բխում է շահառուի շահերից և այլ բան նախատեսված չէ օրենքով.

7) իրականացնել շահառուի շահերից բխող այլ գործողություններ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, կամ դա չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը.

8) սահմանված կարգով և ժամաքանակով մասնակցել սույն օրենքով նախատեսված վերապատրաստման դասընթացներին.

9) դիմել պալատի նախագահին իր աշխատանքային մասնագիտական գործունեությունը սոցիալական աշխատանքի ստանդարտներին և կանոնագրքին համապատասխանելու մասին մասնագիտական եզրակացություն ստանալու նպատակով.

10) սույն օրենքով և պալատի կողմից սահմանված կարգով իրականացնել անկախ մասնագիտական գործունեություն:

Սոցիալական աշխատողը պարտավոր է՝

1) պահպանել սույն օրենքի, «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, կանոնագրքի պահանջները.

2) պաշտպանել շահառուի իրավունքներն ու օրինական շահերը, չկատարել շահառուի օրինական շահերին հակասող որևէ գործողություն.

3) իր գործառույթներն իրականացնել բարեխիղճ և պատշաճ կերպով.

4) ապահովել շահառուի ներգրավվածությունը և ակտիվ մասնակցությունն իր խնդիրների լուծման գործընթացին, որոշումների կայացմանը՝ զարգացնելով շահառուի սոցիալական հմտությունները և ինքնիրացումը (ինքնորոշումը).

5) գնահատել շահառուի սոցիալական կարիքները.

6) կազմել շահառուի անհատական սոցիալական ծրագիրը` ներգրավելով աջակցող ցանցի մասնակիցների մասնագետներին.

7) օգտագործել տվյալ տարածաշրջանում առկա աջակցող ցանցը` անհատական սոցիալական ծրագիր կազմելու և իրականացնելու նպատակով.

8) համակարգել անհատական սոցիալական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը, կազմակերպել խմբային (բազմամասնագիտական) քննարկումներ և ուղղորդել շահառուին տարբեր կազմակերպություններ` իրենց իրավունքների մասին իրազեկելու, ինչպես նաև դրանք իրականացնելու համար.

9) ստանձնել միջնորդի դեր տարբեր և երբեմն միմյանց հակասող շահեր ունեցող կազմակերպությունների միջև` ապահովելով կազմակերպությունների միջև համագործակցությունը և տեղեկատվության փոխանակումը, ինչպես նաև շահառուի օրինական շահերի պաշտպանության առաջնային դերը.

10) կազմակերպությունների և համայնքի սոցիալական աշխատանքի մասնագետի հետ համատեղ մշակել կանխարգելող ծրագրեր՝ ուղղված համայնքներում բացահայտված ռիսկերի նվազեցմանը, սոցիալական իրավունքների կոլեկտիվ պաշտպանության մեխանիզմների ձևավորման խթանմանը և պաշտպանությանը.

11) ապահովել անձանց համար սոցիալական ծառայությունների տրամադրման հավասար հնարավորություններ.

12) պահանջել շահառուից միայն սոցիալական ծառայությունների տրամադրման համար անհրաժեշտ տեղեկություններ, աջակցել անհրաժեշտ փաստաթղթերի ճիշտ ներկայացմանը.

13) աջակցել շահառուների սոցիալական ծառայություններ ստանալու իրավունքի իրականացմանը.

14) մշտապես կատարելագործել իր գիտելիքները.

15) չհրապարակել կամ որևէ այլ կերպ չտարածել սոցիալական ծառայությունների տրամադրման ընթացքում իրեն հայտնի դարձած անձնական տեղեկությունները, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված դեպքերի.

16) նպաստել հասարակության կողմից սոցիալական աշխատանքի նկատմամբ վստահության աճին և ամրապնդմանը.

17) իրականացնել սույն օրենքով, սոցիալական աշխատանքի ստանդարտներով և պալատի կողմից սահմանված կարգով մասնագիտական այլ գործունեություն:

Սոցիալական աշխատողն ունի սույն օրենքով, «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ օրենքներով իրեն վերապահված այլ իրավունքներ և պարտականություններ:

1) շահառուների ինքնօգնության կարողությունների, սոցիալական հմտությունների զարգացմանը, նրանց կենսամակարդակի բարձրացմանը և կյանքի որակի բարելավմանը.

2) շահառուների իրավունքների պաշտպանությանը և իրացմանը.

3) համայնքներում ռիսկային գործոնների՝ սոցիալական խնդիրների առաջացման վտանգի,  բացահայտմանը, դրանց նվազեցմանը, կոլեկտիվ պաշտպանության մեխանիզմների ձևավորմանը և խթանմանը.

4) բարձրորակ և մատչելի սոցիալական ծառայությունների զարգացմանը.

5) շահառուի սոցիալական մեկուսացման կանխարգելմանը և սոցիալական ներառմանը.

6) հասարակությունում սոցիալական արդարության խթանմանը՝ հիմնվելով մարդասիրության (հումանիզմի) և մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում գտած այլ սկզբունքների և նորմերի վրա:

Պալատի խնդիրներն են`

1) իր անդամների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների (այդ թվում՝ օտարերկրյա) հետ փոխհարաբերություններում, ինչպես նաև դատարանում.

2) սոցիալական աշխատանքի մասնագետների հավաստագրման գործընթացի կազմակերպումը.

3) սոցիալական աշխատանքի մասնագետների վերապատրաստման կազմակերպումը.

4) իր անդամների կողմից սույն օրենքի, պալատի կանոնադրության և կանոնագրքի պահանջների պահպանման նկատմամբ հսկողության իրականացումը.

5) սոցիալական աշխատանքի մասնագետների մասնագիտական գործունեության, այդ թվում՝ սոցիալական դեպքի վարման նկատմամբ մշտադիտարկման (մոնիթորինգի) իրականացումը.

6) սուպերվիզիայի իրականացումը կամ դրա կազմակերպումը.

7) սոցիալական աշխատանքի մասնագետների անհատական, խմբային և կազմակերպական գործունեության արդյունավետության բարձրացումը և մասնագիտական գիտելիքների զարգացումը.

8) սոցիալական աշխատանքի մասնագետների մասնագիտական գործունեության լուսաբանումը.

9) հասարակությունում սոցիալական աշխատանքի արժևորման գիտակցման և հեղինակության բարձրացմանը նպաստելը.

10) սոցիալական աշխատանքի մասնագետների համար կարևոր նշանակություն ունեցող հիմնահարցերի լուծմանն աջակցելը.

11) սոցիալական աշխատանքի նորարական մեթոդների ներդրմանն ու տարածմանը նպաստելը.

12) սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացին աջակցելը.

13) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների, ինչպես նաև այլ երկրների սոցիալական աշխատանքի մասնագետների կառույցների, մասնագիտական ասոցիացիաների, մասնագիտական և գիտական ինստիտուտների, բարձրագույն ուսումնական հաստատությունների, օտարերկրյա և միջազգային այլ կազմակերպությունների հետ համագործակցությունը.

14) «Սոցիալական աշխատանք» մասնագիտության զարգացմանն աջակցելը:

Պալատի մարմիններն են`

1) ընդհանուր ժողովը.

2) վարչությունը.

3) հավաստագրման հանձնաժողովը:

Պալատն կունենա նաև մարզային  մասնաճյուղեր ստեղծելու իրավունք:

Պալատի նախագահը՝

1) ներկայացնում է պալատը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.

2) գործում է առանց լիազորագրի և տալիս է լիազորագրեր.

3) սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, այդ թվում՝ աշխատանքային՝ վարչության աշխատակազմի աշխատողների հետ.

4) բանկերում բացում է պալատի հաշվարկային (այդ թվում՝ արտարժութային) և ոչ հաշվարկային հաշիվներ, պալատի կանոնադրությամբ նախատեսված կարգով տնօրինում է պալատի գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները.

5) նախագահում է պալատի ընդհանուր ժողովներում, եթե այլ բան նախատեսված չէ պալատի կանոնադրությամբ.

6) կազմակերպում է պալատի վարչության աշխատանքները, գումարում վարչության նիստերը, կազմակերպում դրանց արձանագրության վարումը, ստորագրում պալատի ընդհանուր ժողովներում և վարչության նիստերում ընդունված որոշումները.

7) սահմանում է պալատի աշխատակազմի աշխատողների ծառայողական լիազորությունների շրջանակը.

8) դադարեցնում է մահացած սոցիալական աշխատանքի մասնագետի հավաստագրի գործողությունը.

9) իրականացնում է սույն օրենքով և պալատի կանոնադրությամբ սահմանված, ինչպես նաև պալատի մյուս մարմինների իրավասությանը չվերապահված այլ լիազորություններ:

Պալատի նախագահի հետ աշխատանքային պայմանագիրը կնքում է պալատի վարչության լիազորած անձը:

Պալատի նախագահին, նրա ժամանակավոր բացակայության (այդ թվում՝ գործուղումների, ժամանակավոր անաշխատունակության դեպքում) փոխարինում է պալատի փոխնախագահը:

Պալատի փոխնախագահ կարող է լինել սոցիալական աջակցության ոլորտում աշխատանքի առնվազն հինգ տարվա ստաժ ունեցող կամ գիտական աստիճան և վերջին հինգ տարվա ընթացքում սոցիալական ոլորտում աշխատանքի առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող սոցիալական աշխատողը:

Պալատի նախագահի կամ փոխնախագահի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում, անցկացվում են պալատի նախագահի կամ փոխնախագահի արտահերթ ընտրություն:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել