«Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նոր նախագիծ է հրապարակվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:
Այսուհետ, ակադեմիայում ուսումնառությունն ավարտելուց հետո դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձինք պարտավոր են անցնել իրավաբանի մասնագիտական որակավորում պահանջող աշխատանքի՝ դատարանների աշխատակազմերում, եթե նրանք ավելի քան երկու ամիս անընդմեջ կամ օրացուցային տարվա ընթացքում ավելի քան երեք ամիս չեն զբաղվում իրավաբանի մասնագիտական որակավորում պահանջող աշխատանքով:
Այս դրույթները չեն տարածվում մայրության, երեխայի ծննդյան կամ երեխայի որդեգրման դեպքում արձակուրդում լինելու կամ պատգամավոր ընտրված լինելու պատճառով օրենքով սահմանված իրավաբանի մասնագիտական որակավորում պահանջող աշխատանքով չզբաղվելու դեպքերի վրա:
Մեկ այլ կարգավորմամբ՝ խորհուրդը, ռեկտորի ներկայացմամբ, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված հիմքերով պատճառաբանված որոշում պետք է կայացնի դատավորների թեկնածուների հավակնորդ և դատավորների թեկնածու ունկնդրին համապատասխան ցուցակից հանելու միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու վերաբերյալ:
Խորհուրդը նաև պետք է պատճառաբանված որոշում կայացնի դատախազ ունկնդրին դատախազի թեկնածությունների ցուցակից հանելու մասին գլխավոր դատախազին դիմելու վերաբերյալ: Դա կարող է կատարվել, եթե՝
1) ունկնդիրն անհարգելի պատճառով բացակայել է նախատեսված ուսումնական դասընթացների առնվազն 5 տոկոսից.
2) ունկնդիրը բացակայել է նախատեսված ուսումնական դասընթացների առնվազն 50 տոկոսից, բացառությամբ տարկետում տրամադրելու դեպքերի.
3) Ակադեմիայում ուսումնառության ընթացքում դասավանդվող առարկայական կուրսի արդյունքը գնահատվել է բացասական, կամ ունկնդիրը չի անցել սույն օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված փորձաշրջանը:».
Դատավորների թեկնածուների հավակնորդների, դատավորների թեկնածուների, քննիչների կամ դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված ունկնդիրը համարվում է Ակադեմիայից ազատված համապատասխանաբար դատավորների թեկնածուների հավակնորդների և դատավորների թեկնածուների ցուցակներից, քննիչների կամ դատախազների թեկնածությունների ցուցակից հանվելու պահից:
Ուսումնական հանձնաժողովը՝ դատավորների և դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց մասով, դատական դեպարտամենտը՝ դատական ծառայողների և դատական կարգադրիչների մասով, գլխավոր դատախազությունը՝ դատախազների ու դատախազության աշխատակազմում պետական ծառայողների մասով, քննչական կոմիտեն` քննիչների ու քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայողների մասով, հատուկ քննչական ծառայությունը` ծառայության քննիչների մասով պատասխանատու են ուսուցման դասընթացներին ներկայանալու վերաբերյալ ունկնդիրների ծանուցումն ապահովելու համար:
Դատական ծառայողների, դատական կարգադրիչների և դատախազության աշխատակազմում պետական ծառայողների վերապատրաստման, ինչպես նաև ըստ ատեստավորման կամ գնահատման արդյունքների` լրացուցիչ վերապատրաստման կարիք ունեցող դատական ծառայողների, դատական կարգադրիչների և դատախազների, դատախազության աշխատակազմում պետական ծառայողների, ուսումնառության ժամաքանակը սահմանում են համապատասխանաբար Բարձրագույն դատական խորհուրդը և հանրապետության գլխավոր դատախազը:
Փորձաշրջանի ղեկավարի աշխատանքը համարվում է կրթական աշխատանք, որի համար նա վարձատրվում է Ակադեմիայի միջոցների հաշվին՝ կառավարության կողմից սահմանված կարգով:
Փոփոխության է ենթարկվել նաև օրենքի 20-րդ հոդվածը, ըստ որի՝ որպես գիտական աստիճան ունեցող հավակնորդ դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկված անձը համարվում է մասնագիտական պատրաստումն անցած, եթե նա դրական է գնահատվել փորձաշրջանի արդյունքներով, իսկ Խորհրդի կողմից սահմանված կարգով առարկայական կուրս անցնելու դեպքում՝ առարկայական կուրսերից բոլոր քննությունների արդյունքներով ստացել է դրական գնահատական:
Ուսումնառության ավարտից հետո Ակադեմիան դատավորի յուրաքանչյուր թեկնածուի վերաբերյալ տեղեկություններ է տրամադրում Բարձրագույն դատական խորհրդին՝ Արդարադատության ակադեմիայում ուսանելու ընթացքում առաջադիմության և դատարաններում փորձաշրջանի արդյունքների վերաբերյալ:
Օրենքն ընդունվելուց հետո ուժի մեջ կմտնի Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
Եվգենյա Համբարձումյան