Ի՞նչ գույքային իրավունքներ ունեն կանայք ամուսնալուծության ժամանակ

Ամուսնալուծությունների դեպքում կանայք շատ դեպքերում հայտնվում են գույքային անբարենպաստ վիճակում: Դրանք այն դեպքերն են, երբ ամուսնության ընթացքում կինը զբաղվում է երեխաների խնամքով, չի աշխատում և դրա արդյունքում չի ունենում աշխատանք, մասնագիտական փորձ, եկամուտներ: Նման իրավիճակում հայտնված կանայք հիմնականում բարձրացնում են այն հարցը, որ համատեղ ընտանեկան կյանք վարելու, ընդհանուր երեխաներ ունենալու հիմքով իրենք պետք է իրավունքներ ունենան ամուսնուն պատկանող գույքի նկատմամբ, այդ թվում՝ ամուսնու հայրական տան նկատմամբ:

Սակայն համատեղ ամուսնական կյանք վարելը,  երեխաներ ունենալը գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման հիմք չի հանդիսանում: Սեփականության իրավունք ձեռք բերելու հիմքերը սահմանված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածով, որը սեփականության իրավունքի ձեռքբերման նման հիմք չի նախատեսում:

Ամուսնալուծությունների դեպքում կանայք սեփականության իրավունք կարող են ձեռք բերել օրինակ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա՝ սեփականատիրոջ կողմից իրեն պատկանող գույքի օտարման գործարքի հիման վրա: Օրինակ, երբ սեփականատեր ամուսինը սեփականության մեջ իրեն պատկանող բաժնեմասը նվիրի կնոջը:

Ամուսնալուծության դեպքում կինը գույքային իրավունքներ է ձեռք բերում նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի հիման վրա, որը սահմանում է, որ ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջև կնքված պայմանագրով: Նշված իրավանորմի հիման վրա սեփականության իրավունք ձեռք բերելու համար անհրաժեշտ է, որ գույքը ձեռք բերված լինի ՔԿԱԳ մարմնում գրանցված համատեղ ամուսնության ընթացքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել