Այսօր՝ փետրվարի 19-ին, ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարել է փաստաբան Թամարա Բաղադասարյանի բողոքը՝ նրա պաշտպանյալն այլևս կալանքի տակ չէ։ Մեղադրյալ Սասուն Ղամբարյնաը նախնական կալանքի տակ է գտնվել 4 ամիս։
Փաստաբանի պաշտպանյալ Սասուն Ղամբարյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի ծառահատում կազմակերպելը ղեկավարելու համար՝ բավականին մեծ վնասի չափով։ Նա ի սկզբանե չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը։ Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց Թամարա Բաղդասարյանը։
«Հիմնավոր կասկածի վերաբերյալ մենք մի ցուցմունք ունենք, որը վիճարկել ենք։ Կալանքի հիմնական հիմք դրվել էր նախաքննությանը խոչըդոտելը։ Հիմնական խնդիրը, որ մենք ունեցանք, ինչի արդյունքում Սասուն Ղամբարյանը ազատ արձակվեց՝ այն էր, որ օրենսդրական փոփոխություն է տեղի ունեցել, և քանի որ փետրվարի 10-ից գործող օրենսդրական փոփոխությամբ խոչընդոտելը՝ որպես կալանքի հիմք հանվեց, մնացին հանցանք կատարելը և դրանից հետո թաքնվելու վտանգը, ուստի նաև այս հիմքով էլ նրա վերաբրեյալ խափանման միջոցը փոխվեց»,-ասաց փաստաբանը։
Այսպիսով, Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2017թ-ի՝ թիվ N քրեական գործով մեղադրյալ Սասուն Ղամբարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին որոշումը բեկանվեց։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը վերացվել է և նա ազատվել է արգելանքից։
Նշենք, որ այս որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վճռաբեկ դատարան՝ այն ստանալու պահից 15-օրյա ժամկետում։
Ալիսա Չիլինգարյան