Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը և այլ գույքային իրավունքները, այդ իրավունքների սահմանափակումները, դրանց ծագումը, փոխանցումն ու դադարումը ենթակա են պետական գրանցման: Այս մասին սահմանում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ հոդվածը:
Գրանցման ենթակա են` անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը, օգտագործման իրավունքը, հիփոթեքը, սերվիտուտները, ինչպես նաև սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում` այլ իրավունքները:
Շարժական գույքի նկատմամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման միայն օրենքով նախատեսված դեպքերում:
Պետական գրանցման ենթակա գույքային իրավունքը գրանցելու պահանջն ապահովելու համար գործարքը վավերացնող նոտարի ծանուցման հիման վրա գրանցող մարմնի կողմից կատարվում է գույքի նկատմամբ գույքային իրավունքի վերաբերյալ նախնական նշում:
Նախնական նշումը դադարում է դրանով նախատեսված գույքային իրավունքի հետագա գրանցումով:
Անձը, որի գույքի նկատմամբ կատարվել է նախնական նշումը, կարող է պահանջել վերացնել այն, եթե դադարել է նախնական նշումով ապահովող իրավունքը:
Տեղեկատվությունը ծառայողական, առևտրային կամ բանկային գաղտնիք է, եթե այն երրորդ անձանց անհայտ լինելու ուժով ունի իրական կամ հնարավոր առևտրային արժեք, չկա օրինական հիմքերով այն ազատորեն ստանալու հնարավորություն և տեղեկատվություն ունեցողը միջոցներ է ձեռնարկում դրա գաղտնիության պահպանման համար:
Տեղեկությունները, որոնք չեն կարող ծառայողական, առևտրային կամ բանկային գաղտնիք լինել, սահմանվում են օրենքով:
Ծառայողական, առևտրային կամ բանկային գաղտնիք կազմող տեղեկատվությունն ապօրինի եղանակներով ստացած անձինք պարտավոր են հատուցել պատճառված վնասները: Նման պարտականություն է դրվում նաև քաղաքացիական-իրավական կամ աշխատանքային պայմանագրի խախտմամբ ծառայողական, առևտրային կամ բանկային տեղեկատվություն հրապարակած և օգտագործած պայմանադիր կողմերի վրա: