ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողության շրջանակներում հայտնաբերել է, որ մայրաքաղաքի Բաբաջանյան 72 հասցեում գտնվող ավտոտնակում «Սոս և որդիներ» ՍՊԸ-ն կազմակերպել է պանրի արտադրություն: Նախնական տվյալների համաձայն՝ ընկերությունը նաև անհատներից է ձեռք բերել պանիր և փորձել իրացնել իր արտադրանքի անվան տակ: Այս մասին տեղեկանում ենք ՍԱՊԾ-ից։
Ծառայությունը, որպես անհայտ ծագման մթերք, կասեցրել է արտադրվող պանրի բոլոր խմբաքանակների իրացումը («Չանախ» տեսակի պանիր 145 կգ, ոչխարի պանիր 240 կգ, «Եղեգնաձոր» տեսակի հորած պանիր 32 կգ, հորած պանրի հումք 60 կգ): Աշխատանքներ են տարվում շուկայում առկա հնարավոր խմբաքանակները բացահայտելու և հետ կանչելու ուղղությամբ:
![](https://iravaban.net/wp-content/uploads/2018/02/3-4.jpg)
Նշված արտադրանքը չի ունեցել համապատասխանության հայտարարագիր, ինչպես նաև՝ մակնշում: Բացի այդ՝ արտադրությունն իրականացվել է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով:
Իրացման ցանցերի պատասխանատուներին և սպառողներին հորդորում ենք ձեռնպահ մնալ «Սոս և որդիներ» ՍՊԸ-ի արտադրության պանիրը վաճառելուց կամ գնելուց:
Վերահսկողության ընթացքի մասին կտեղեկացնենք լրացուցիչ:
![](https://iravaban.net/wp-content/uploads/2018/02/4-1.jpg)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2018/02/1-4.jpg)