ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը կանվանափոխվի, համալսարանում նոր ստորաբաժանում կստեղծվի

Փետրվարի 14-ին Երևանի պետական համալսրանաում տեղի է ունեցել գիտական խորհրդի հերթական նիստը: Այս մասին տեղեկանում ենք ԵՊՀ կայքէջից:

Իրավաբանական բաժնի վարիչ Արմեն Թադևոսյանը ներկայացրել է Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի ու Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի կանոնադրությունները, որոնք ևս արժանացան գիտխորհրդի հաստատմանը:

Ընթացիկ հարցերում հաստատվել է նաև «ԵՊՀ կադրերի բաժին» և «ԵՊՀ իրավաբանական բաժին» կառուցվածքային ստորաբաժանումները լուծարելու և «ԵՊՀ անձնակազմի կառավարման և իրավական ապահովման վարչություն» կառուցվածքային ստորաբաժանում ստեղծելու առաջարկը:

Գիտխորհրդի կազմը, հաստատելով 2017-2018 ուստարվա 2-րդ կիսամյակի ժամանակացույցը, քննարկվել է ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը անվանափոխելու հարցը:

Ֆակուլտետի դեկան Սամվել Աբրահամյանը նշել է, որ ֆակուլտետի գիտխորհուրդը քննարկել է հարցը և մեծամասնության համաձայնությամբ որոշվել է անվանափոխել ֆակուլտետը. «Հաշվի առնելով շուկայական ժամանակակից պահանջները, ինչպես նաև ծրագրային փոփոխությունները՝ ցանկանում ենք ֆակուլտետը վերանվանել Եվրոպական լեզուների և հաղորդակցման ֆակուլտետ, որտեղ շեշտը դնելու ենք պրակտիկ ուսուցման վրա: Երկու օտար լեզուներ արդեն ուսուցանվելու են հավասարապես»:

Գիտխորհրդի հաստատմանը ներկայացվել են նաև ԵՊՀ-ում բակալավրի ավարտական աշխատանքի պատրաստման և գնահատման, ինչպես նաև մագիստրոսական թեզի պատրաստման և գնահատման կարգերում լրացումներ անելու մասին հարցերը:

ԵՊՀ ուսումնամեթոդական վարչության պետ Հրանտ Ժամհարյանը նշել է, որ լրացումները պայմանավորված են ՀՀ կրթության և գիտության կողմից ընդունված ամփոփիչ ատեստավորման նոր կարգով. «Լրացումների համաձայն՝ ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի այն անդամները իրավունք կունենան գնահատելու, ովքեր սկզբից մինչև վերջ ներկա են եղել տվյալ ուսանողի ավարտական աշխատանքի պաշտպանությանը»:

«Ավարտական աշխատանքի գնահատականը պետք է հրապարակվի ամփոփումից անմիջապես հետո ուսանողի ներկայությամբ, դրանից էլ բխելու են գնահատման արդյունքների բողոքարկման դրույթները: Սկզբում հանձնաժողովի նախագահը հարցնում է բողոքարկումների մասին, որից հետո ուսանողն անմիջապես դիմում է ներկայացնում հանձնաժողովի նախագահին: Բողոքարկումն ընդունվում է, եթե առկա է հաստատված կարգի ընթացակարգային դրույթների խախտումներ: Այսինքն՝ բովանդակային առումով քննարկումներ չեն լինելու»,- փաստեց Հրանտ Ժամհարյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել