Ձերբակալումը հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա. Ի՞նչ է նախատեսվում օրենքի փոփոխությամբ

Մինչև ձերբակալման արձանագրությունը նրան հայտարարելն արգելանքի վերցված անձն իրավունք ունի`

  1. իմանալու իրեն ազատությունից զրկելու պատճառը.
  2. պահպանելու լռություն.
  3. ստանալու իր իրավունքների մասին բանավոր պարզաբանում.
  4. ստանալու իր իրավունքների և պարտականությունների մասին գրավոր ծանուցում և պարզաբանում.
  5. իր ընտրած անձին տեղեկացնելու իր գտնվելու վայրի մասին.
  6. հրավիրելու փաստաբան.
  7. իր պահանջով ենթարկվելու բժշկական հետազոտման:

Անկախ ձերբակալման արձանագրությունը անձին հայտարարելու հանգամանքից՝ փաստացի արգելանքի վերցվելուց չորս ժամ հետո անձը ձեռք է բերում կասկածյալի վերաբերելի իրավունքները և պարտականությունները:

Վերը նշված իրավունքները անձի մոտ ծագում են հետաքննության մարմին կամ քննիչի մոտ բերելու պահից:

Մինչև ձերբակալվածի կարգավիճակ ստանալն արգելանքի վերցված անձը պարտավոր է`

  1. ենթարկվել վարույթն իրականացնող մարմնի իրավաչափ կարգադրություններին.
  2. չխոչընդոտել անձնական խուզարկությանը.
  3. ենթարկվել բժշկական ստուգման և մատնադրոշմման, ինչպես նաև լուսանկարվել և փորձաքննության համար հանձնել Քրեական Դատավարության Օրենսգրքով նախատեսված նմուշներ:

Արգելանքի վերցված անձի իրավունքների իրականացումն ապահովելու նպատակով`

  1. արգելանքի վերցնող անձը պարտավոր է արգելանքի վերցնելուց հետո անհապաղ արգելանքի վերցված անձին բանավոր պարզաբանել նրան ազատությունից զրկելու պատճառները, ինչպես նաև նրա իրավունքները և պարտականությունները.
  2. վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է արգելանքի վերցված անձին վարույթն իրականացնող մարմին բերելուց հետո անհապաղ նրան տրամադրել նրա ստորագրությամբ իր իրավունքների և պարտականությունների ցանկը, ազատությունից զրկելու պատճառների մասին գրավոր ծանուցում և պարզաբանում, ապահովել արգելանքի վերցված անձի գտնվելու վայրի մասին նրա ընտրած անձին տեղեկացնելը և փաստաբան հրավիրելը, արգելանքի վերցված անձի պահանջի դեպքում ապահովել նրա բժշկական հետազոտումը, չարգելել փաստաբանի տեսակցությունը արգելանքի վերցված անձի հետ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

Վարույթն իրականացնող մարմինն անմիջական վերադասի գրավոր համաձայնությամբ կարող է հետաձգել սահմանված նվազագույն իրավունքի իրականացումն անձին արգելանքի վերցնելու պահից առավելագույնը 12 ժամով, եթե առկա է հիմնավոր ենթադրություն, որ այդ իրավունքի անհապաղ իրականացումը կարող է խոչընդոտել հանցագործության կանխմանը կամ խափանմանը կամ հանգեցնել ապացույցների ոչնչացման կամ վնասման:

Սահմանված իրավունքի իրականացման հետաձգման մասին անհապաղ կազմվում է արձանագրություն` դրանում շարադրելով այդ իրավունքի իրականացումը հետաձգելու պատճառները: Արձանագրությունն ստորագրվում է վարույթն իրականացնող մարմնի և արգելանքի վերցված անձի կողմից: Վերջինս իրավունք ունի պահանջելու դրա մեջ մտցնելու իր դիտողությունները:

ՀՀ Քրեական Դատավարության Օրենսգրքի 129-րդ հոդվածով նախատեսված  վերոնշյալ փոփոխությունները ուժի մեջ են մտնում 2018թ. փետրվարի 10-ից:

Իրազեկման աղբյուրը` «ՀՀ Քրեական Դատավարության Օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ Օրենք (հոդված 12, ընդունված 16.01.2018թ.):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել