Կառավարության այսօրվա նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արայիկ Պետրոսյանը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության ընթացքում առաջացած շահույթի օգտագործման կարգը սահմանելու և ՀՀկառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացում կատարելու մասին որոշման նախագիծը:
«ՊՈԱԿ-ների մասին օրենքի համաձայն, նրանց գործունեությունից ստացված շահույթը օգտագործվում է իրենց կանոնադրական նպատակների իրականացման համար, սակայն, միևնույն ժամանակ, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հնարավորություն տրվում է միայն օրենքով սահմանված լինելու ու հիմնադրամի որոշմամբ ուղղակիորեն նախատեսված դեպքերում։ Այս պին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մի շարք ՊՈԱԿ-ներ հնարավրություն ունեն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, սակայն, քնաի որ այդ ուղղությունները սահմանված չեն, նրանք չեն կարողանում իրականացնել»,-ասաց փոխնախարարը:
Նա նշեց, որ այս փոփոխություններով սահմանվում են այդ ուղղությունները և նրանց հնարավորություն է տրվում՝ գործունեություն ծավալել։
«Եթե ՊՈԱԿ-ները այդ հնարավորությունն ունեին, ինչո՞ւ ենք իրենց սահմանափակել, երկրորդ՝ կանխատեսում ունե՞ք ինչքան ենք շահույթ ունենալու», – հետաքրքրվեց Կարեն Կարապետյանը: «Կանխատեսում չէ, բայց եղած պայմաններն ու հնարավորությունները լավատեսորեն են տրամադրում, որովհետև կան իսկապես անհրաժեշտ պայմաններ», -ասաց փոխնախարարը:
Վարչապետն էլ մանրամասներ ուզեց՝ «ինչքա՞ն լավատեսորեն»: Արայիկ Պետրոսյանն պատասխանեց, թե՝ ժամանակը ցույց կտա: «Եթե հիմա խնդիր չեք դնելու իրենց առաջ, ժամանակը ցույց չի տալու, պետք է պլան դնել իրենց վրա», – ասաց Կարեն Կարապետյանը: