Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը այս տարվա փետրվարի 8-ին հրաման է ստորագրել, որով հաստատվել է հանրակրթական դպրոցների 1-4-րդ դասարանների սովորողների համար նախատեսված «Ճանապարհային երթևեկության կանոններ» ծրագիրը։
Նշվում է, որ ամեն տարի մեր հանրապետությունում ավելանում է տրանսպորտային միջոցների քանակը: Ավտոմեքենաների քանակի ավելացմանը և ճանապարհների երթևեկության լարվածության բարձրացմանը զուգահեռ բարձրանում է նաև ճանապարհային երթևեկության մասնակիցների (վարորդներ, հետիոտներ, ուղևորներ և այլն) կողմից ճանապարհային երթևեկության կանոններին խստագույնս հետևելու պահանջը:
Միաժամանակ, մեծացել է փողոցներում և ճանապարհներին երեխաների, մասնավորապես` դպրոցահասակ երեխաների մասնակցությամբ տեղի ունեցող ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը, ինչը ճանապարհային երթևեկության կանոնների չիմացության կամ դրանց կարևորությունը չգիտակցելու հետևանք է: Շատ կարևոր է երեխաների մեջ դաստիարակել կարգապահություն` փողոցներում և ճանապարհներին երթևեկության կանոնների պահպանումը նրանց համար դարձնելովսովորություն,որի առումովմեծ նշանակություն ունի դպրոցներում և արտադպրոցական հաստատություններում աշակերտներին անվտանգ երթևեկության կանոնների ուսուցումը:
I-IV դասարաններում ճանապարհներին և փողոցներում աշակերտների վարքի ուսուցմանը հատկացվում է յուրաքանչյուր ուսումնական տարում 10-ական ժամ: Ուսուցիչը (դասղեկը), արտադպրոցական հաստատության մանկավարժը պարապմունքներին, առանձին զրույցներին, էքսկուրսիաներին կարող են մասնակից դարձնել Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին, ավտոդպրոցների հրահանգիչներին: Այն միջնակարգ դպրոցներում, որոնցում ավագդասարաններում ուսուցանվում է ավտոգործը` աշակերտների միջավայրում անվտանգ երթևեկության արտադասարանական աշխատանքի կազմակերպման համար նպատակահարմար է օգտվել ուսուցիչների և ավտոգործի ուսուցիչների խորհուրդներից:
I-IV դասարաններում աշակերտների հետ տարվող պարապմունքները նպատակահարմար է անցկացնել դասասենյակներում կամ հատուկ հրապարակում (դպրոցի բակում, ֆիզկուլտուրայի դահլիճում)` օգտագործելով ուսումնազննական պարագաներ, սարքավորումներ և մանկական տրանսպորտային միջոցներ:
Հրապարակը պետք է կահավորել խաչմերուկների, հետիոտնային անցումների գծանշումներով, ժամանակավոր կամ հիմնական լուսացույցներով, ճանապարհային նշաններով և այլ սարքավորումներով: Խորհուրդ է տրվում գործնական պարապմունքներ անցկացնել փողոցում, խաչմերուկում, հրապարակում, ցույց տալ հետիոտների և տրանսպորտային միջոցների
երթևեկությունը, երթևեկության կարգավորման տեխնիկական միջոցները:
Հատուկ դասասենյակի և հրապարակի սարքավորման գործում անհրաժեշտ օգնություն կարող են ցույց տալ ավտոտրանսպորտային ձեռնարկությունները, ճանապարհային ոստիկանությունը, հայ ավտոմոտոսիրողների և այլ հասարակական կազմակերպություններ:
Ուսուցման և արտադասարանական աշխատանքի ընթացքում նպատակահարմար է ցուցադրել կարճամետրաժ կինոֆիլմեր, էլեկտրոնային տեսանյութեր, կազմակերպել էքսկուրսիաներ, ցերեկույթներ, վիկտորինաներ, հեծանվորդների անվտանգ երթևեկության մրցումներ և այլն: Պարապմունքները կարելի է անցկացնել նաև ավտոպարկերում և անհրաժեշտ
նյութատեխնիկական բազա ունեցող տնտեսություններում:
Յուրաքանչյուր պարապմունքից հետո ստուգիչ հարցերի (թեստերի), առաջադրանքների միջոցով անհրաժեշտ է ստուգել, թե սովորողներն ինչպես են յուրացրել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները փողոցներում ու ճանապարհներին: Պարապմունքները պետք է գրանցվեն համապատասխան դասամատյանում, որտեղ նշվում է հաճախելիությունը, ուսումնասիրած նյութը: