Կառավարությունն այսօր՝ փետրվարի 15-ին կայացած հերթական նիստի ժամանակ հավանություն տվեց Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցներին նյութական խրախուսումներ և պարգևավճարներ վճարելու մասին նախագծին։
Նախագծում նշվում է, որ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության արտաբյուջետային միջոցները գոյանում են «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 67 և 68-րդ հոդվածներով սահմանված կարգով:
Իսկ կառավարության 2005թ. թիվ 2275-Ն որոշմամբ հաստատվել է ԴԱՀԿ ապահովող ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների օգտագործման կարգը։
2018թ. հունվարի 1-ի դրությամբ նշված ֆոնդի մնացորդը կազմում է 305,182.8 հազ,դրամ։
Ներկայացվող նախահաշվում 753,551.48 հազ. դրամը նախատեսվում է օգտագործել ծառայության աշխատակիցների պարգևատրման, դրամական խրախուսման և պայմանագրային աշխատողների աշխատավարձերի, պարգևատրումների և դրամական խրախուսման նպատակով, որից 340,716.78 հազ. դրամը նախատեսվում է ուղղել ծառայության աշխատակիցների պարգևավճարների վճարմանը 309,998.62 հազ.դրամը՝ որպես աշխատավարձ հատկացնել ծառայության պայմանագրային հիմունքներով աշխատակիցներին, իսկ 102,836.08 հազ. դրամը նախատեսվում է վճարել որպես պարգևավճար պայմանագրային հիմունքներով աշխատակիցներին։
Ծառայությունում պայմանագրային հիմունքներով աշխատակիցների ամսեկան աշխատավարձը կազմում է 25,833.218 հազ.դրամ, իսկ տարեկան աշխատավարձի չափը կազմում է 309,998.62 հազ.դրամ։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ հաշվի առնելով վերը նշված անձանց օրեցօր ավելացող աշխատանքային ծանրաբեռնածությունը՝ նախատեսվում է նրանց վճարել նաև պարգևավճար՝ ծառայության արտաբյուջետային միջոցների հաշվին՝ 102,836.08 հազ.դրամ չափով։