Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նոր որշման նախագիծ է ներկայացրել կառավարությանը, որով կհաստատվի կալանավորված անձանց և դատապարտյալներին արգելված աշխատանքների և պաշտոնների ցանկը։
Քրեակատարողական հիմնարկում արգելվում է կալանավորված անձանց և դատապարտյալներին ներգրավել հետևյալ աշխատանքներում և պաշտոններում`
1) քրեակատարողական ծառայության ղեկավարման կենտրոնական կամ տարածքային մարմիններ, դրանց ստորաբաժանումներ.
2) այն շինություններում, որոնցում տեղակայվում է հսկողություն իրականացնող անձնակազմը, ինչպես նաև որտեղ պահվում են զենք, ծառայողական փաստաթղթեր կամ հատուկ տեխնիկական միջոցներ.
3) պահպանության ինժեներական կամ տեխնիկական միջոցների սպասարկման կամ նորոգման աշխատանքներ.
4) կապի և հեռահաղորդակցության տեխնիկական միջոցների սպասարկման կամ նորոգման աշխատանքներ.
5) դեղորայքի, դեղանյութերի, բժշկական նշանակության առարկաների պահպանման, հաշվառման, բաշխման, պատրաստման կամ արտադրության աշխատանքներ.
6) զենքի, թունավոր, պայթուցիկ կամ հրդեհավտանգ նյութերի պահպանման, հաշվառման, բաշխման կամ արտադրության աշխատանքներ.
7) հեռահաղորդակցության, վիդեո-աուդիո ձայնագրող սարքերի և նկարահանող այլ տեխնիկայի օգտագործման միջոցով կատարվող աշխատանքներ.
8) մթերային կամ իրերի պահեստների պահպանման աշխատանքներ, ինչպես նաև այդ պահեստներում` որպես վաճառող, գանձապահ, հաշվապահ կամ պետ.
9) վարձու աշխատողների նկատմամբ վերադաս պաշտոններ.
10) ոգելից խմիչքների արտադրություն.
11) կացինների, դանակների կամ այլ սուր, կտրող, ծակող գործիքների կամ առարկաների արտադրություն:
Բաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալին ուղղիչ հիմնարկի սահմաններից դուրս այլ գործատուների հետ աշխատանքային հարաբերություններ հաստատելու դեպքում արգելվում է ներգրավել հետևյալ աշխատանքներում և պաշտոններում`
1) դեղորայքի, դեղանյութերի, բժշկական նշանակության առարկաների պատրաստման կամ արտադրության կամ վաճառքի աշխատանքներ.
2) զենքի, թունավոր, պայթուցիկ կամ հրդեհավտանգ նյութերի արտադրության կամ վաճառքի աշխատանքներ.
3) ոգելից խմիչքների արտադրության կամ վաճառքի աշխատանքներ.
4) դատապարտյալների փոխադրման համար նախատեսված ավտոտրանսպորտային միջոցիյ վարորդ.
5) ցանկացած տեսակի գիշերային հերթափոխով աշխատանք: