Ո՞վ կփոխարինի նոտարին՝ նրա բացակայության կամ աշխատանքից ազատման դեպքում

Նոտարի ժամանակավոր բացակայության կամ նրա գործունեության կասեցման, ինչպես նաև պաշտոնից ազատման դեպքում, արդարադատության նախարարը նոտարական պալատի առաջարկով կամ իր նախաձեռնությամբ նոտարական գործողությունների իրականացումը նրա ժամանակավոր բացակայության, իսկ ազատման դեպքում՝ անժամկետ, դնում է այլ նոտարի վրա։ Այս մասին նշվում է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի կողմից կառավարություն ներկայացված օրենքի նախագծում:

Նոր փոփոխության համաձայն՝ որակավորման վկայականի ձևը այսուհետ կսահմանի արդարադատության նախարարը:

Նախարարությունը նոր փոփոխոթյուններ կատարելու անհրաժեշտությունը բացատրում է  Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորման պարտադրանքով.

«Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին»:

Հաշվի առնելով Սահմանադրության հիշյալ դրույթը՝ անհրաժեշտություն է առաջացել օրենքով սահմանել լիազորող նորմեր, որոնցով Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմիններին, տվյալ դեպքում՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին իրավունք կվերապահվի ընդունել ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Հաշվի առնելով վերոգրյալը մշակվել է «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել