Երևանի ավագանու նիստում, այսօր՝ փետրվարի 13-ին, արտահերթ ելույթ ունեցավ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը:
Խոսելով այսօր տեղի ունեցած դեպքի մասին նա նշեց, որ տարանների պարունակությունը նրանք տեղափոխել էին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հարակից տարածքից. «Որովհետև մենք, որպես քաղաքական ուժ գտնում ենք, որ պետք է դադարեցնենք այլևս ապրել գարշահոտության մեջ, իսկ գարշահոտությունը ունի 25-ամյան բռնակալական վաղեմություն: Հետևաբար, այդ գարշահոտությունը պետք է զգաք նաև դուք: Ձեզ միայն կոնյակի բուրմունքը և թանկարժեք օծանելիքի բուրմունքը միայն չպետք է ուղեկցի այստեղ ներկա կանանց: Պետք է ուղեկցի այն գարշահոտը, որի մեջ եք գցել մեր պետականությունը»:
Մատնացույց անելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ Զարուհի Փոստաբնջյանը նշեց, որ նույնիսկ նա էր հարձակվել Մարիա Խաչատրյանի վրա. «Ի դեպ գարշահոտությունից չեն թունավորվում, բայց մենք Ձեր կյանքը թունավորելու ենք»:
Նշենք, որ այդ պահին քննարկվում էր Արամ Մանուկյանի արձանի տեղադրման հարցը: Զարուհի Փոստանջյանը 15 րոպե ընդմիջում վերցրեց: Իրավաբան.net-ի լրագրող հարցին, թե արդյոք ամեն հարցի քննարկումիմց առաջ են ընդմիջում վերցնելու, որի իրավունքը, ըստ կանոնակարգի նրանք ունեն, ավագանու անդամը պատասխանե. «Սպասեք և կտեսնեք»:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները այսօր՝ փետրվարի 13-ին, ավագանու նիստի ժամանակ ծծմբական թթու պարունակող տիղմ էին բերել նիստերի դահլիճ: Տարանները «Երկիր ծիրանիի» անդամ Մարինա Խաչատրյան ձեռքին էին:
Ներկաներից մի մասի ինքնազգացողությունը վատացել է, ավագանու անդամներին տարհանել էին նիստերի դահլիճից: Նշենք, որ միջադեպի պատճառով հիվանդանոց է տեղափոխվել ՀՀԿ խմբակցության անդամ, ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանը: Ոստիկանությունից նաև հայտնեցին, որ միջադեպի մասին հաղորդում չի տրվել:
Եվգենյա Համբարձումյան