Հաշվետու տարում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 8,1 տոկոսով

2017թ. ընթացքում ՀՀ ոստիկանությունը ողջ ծավալով կատարել է իր առջև դրված խնդիրները՝ օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում հանրապետությունում վերահսկվել է օպերատիվ իրավիճակը, պահպանվել է կայուն հասարակական կարգն ու անվտանգությունը։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության մամուլի ծառայությունից:

Հաշվետու տարում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 8,1%-ով կամ 1520 դեպքով (2016թ.` 18.764, 2017թ` 20.284), ինչը հիմնականում պայմանավորված է ոչ մեծ ծանրության հանցագործությունների թվի աճով, ինչը հանցագործությունների հայտնաբերման և հաշվառման աշխատանքների բարելավման արդյունք է:

Միևնույն ժամանակ, 34-ով կամ 17,2%-ով նվազել է առանձնապես ծանր (198-164) և 352-ով կամ 11,4%-ով ծանր հանցագործությունների (3.081-2.729) թիվը, ինչը հիմնականում պայմանավորված է սպանությունների, սպանության փորձերի և բնակարանային գողությունների թվի նվազման հետ:

Առանձին ուղղություններով, հիմնականում նվազել են սպանության (66-49), սպանության փորձի (36-23), դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու (1.149-1.113), այդ թվում` ծանր (200-194), սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված (118-102), այդ թվում, ավազակության (53-46), կողոպուտի (255-183), բնակարանային գողության (1250-889) և տրանսպորտային միջոց փախցնելու (49-44) դեպքերը:

Հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների նվազման պարագայում (65-52), աճել է զենքի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման թիվը՝ 129-ով կամ 17,7%-ով (729-858):
Ոստիկանության մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում հաշվետու ժամանակահատվածում առգրավվել և բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր հանձնվել է 673 (596) միավոր հրազեն և 40 միավոր գազային ու օդամղիչ ատրճանակ, 89.314 (87.628) հատ տարբեր տրամաչափի փամփուշտ և տարբեր քանակության այլ զինամթերք ու սառը զենք:

Անդրադառնալով բացահայտման ուղղությամբ ոստիկանության մարմինների կողմից կատարված աշխատանքներին, պետք է նշել, որ հանցագործությունների բացահայտման արդյունավետությունն աճել է 5,3%-ով (76,8%-ից 82,1%), ծանր հանցագործություններով՝ 5,8%-ով (54,2%-ից 60,0%):

Ըստ առանձին հանցատեսակների, 2016թ. համեմատությամբ, բացահայտման աշխատանքների արդյունավետության բարելավում է դիտվում մի շարք հիմնական հանցատեսակներով` դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու (94,1%-ից 95,8%), այդ թվում` ծանր (80,5%-ից 86,1%), խուլիգանության (86,2%-ից 89,6%), ավազակության (56,6%-ից 69,6%), կողոպուտի (53,7%-ից 71,0%), գողության (53,4%-ից 63,5%), այդ թվում` բնակարանային (33,0%-ից 34,0%), խարդախության (82,5%-ից 89,0%), յուրացման կամ վատնման (95,2%-ից 98,3%) և տրանսպորտային միջոց փախցնելու (87,8%-ից 93,2%) դեպքերով:

Նկատելիորեն աճել է նախկին տարիներին կասեցված քրեական գործերով հանցագործությունների բացահայտման աշխատանքների արդյունավետությունը: Բացահայտված հանցագործությունների թիվն աճել է 119-ով (857-976): Միևնույն ժամանակ, պետք է արձանագրել, որ 57-ով կամ 53,8%-ով աճել է հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզված չլինելու պատճառաբանությամբ կասեցված քրեական գործերով բացահայտված հանցագործությունների թիվը (106-163):

Հաշվետու տարում 175-ով կամ 18,2%-ով աճել է առավել լատենտային համարվող թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման թիվը (963-1138), իսկ բացահայտման արդյունավետությունն աճել է 0,4%-ով (81,0%-ից 81,4%): Դրան զուգընթաց, հայտնաբերվել են 85-ով կամ 16,1%-ով ավել թմրամիջոցների իրացման դեպքեր (527-612), իսկ դրանց բացահայտումն աճել է 0,6%-ով (65,7%-ից 66,3%):
Գրանցվել է մարդկանց թրաֆիքինգի 5 դեպք:

2017թ. ընթացքում հայտնաբերվել է կոռուպցիոն բնույթի 634 հանցագործության դեպք, ինչը 48,1%-ով ավել է նախորդ տարվա համեմատ (2016թ.՝ 428): Կոռուպցիոն բնույթի հանցագործություններից 163-ը (71) կաշառակերության դեպքեր են, որոնցից 62-ը (62) հայտնաբերվել է ոստիկանության ջանքերով:

Բարձրացել է հետաքննական աշխատանքների արդյունավետությունը. նախապատրաստվել է 166.250 (2016թ. 143.716) նյութ, հարուցվել է 7.155 (2016թ. 1.825) քրեական գործ, 21.023 (2016թ. 15.613) նյութով մերժվել է քրեական գործի հարուցումը:

Ոստիկանության ուժերով պատշաճ հասարակական կարգի պահպանություն և անվտանգություն է ապահովվել մի շարք զանգվածային միջոցառումների ընթացքում, մասնավորապես՝ ՀՀ Ազգային ժողովի, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել