Լոռու մարզային քննչական վարչության ևս մեկ քննիչ է կալանավորվել

Պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով կալանավորվել է ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության ևս մեկ քննիչ: Տեղեկությունն Իրավաբան.netի հետ զրույցում հաստատեց Հատուկ քննչական ծառայության մամլո խոսնակ Մարինա Օհանջանյանը:

«Քննիչին մեղադրանք  է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով`պաշտոնեական լիազորությունները չարաշահելը»,-նշեց Օհանջանյանը:

Նշենք, որ քննիչը կալանավորվել է նույն գործով, ինչ օրեր առաջ ևս մեկ քննիչ կալանավորվեց: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ալավերդի քաղաքի բնակիչ Վահագն Աբգարյանի կողմից հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու, հանցավոր համագործակցության անդամ Վլադիմիր Դավթյանի կողմից Վահագն Աբգարյանի պատվերով  2017թ. հունիսի 13-ին Ալավերդի քաղաքում Կամո Փիրուզյանին սպանելու փաստերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև արդյունավետ քննչական, դատավարական գործողությունների արդյունքում  ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ հանցավոր համագործակցության ղեկավար Վահագն Աբգարյանը ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք՝ Կամո Փիրուզյանի սպանության գործով իր և իր ղեկավարած հանցավոր համագործակցության օգտին գործողություններ կատարելու կամ որոշակի գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալու համար:

Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Հանձնարարվել է լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի նախաքննությամբ պարզել սպանության վերաբերյալ քրեական գործով պատշաճ քննություն չկատարելու պատճառները, հանցավոր սխեմաներում ընդգրկված բոլոր պաշտոնատար անձանց շրջանակը, նրանց արարքներին տալ իրավական գնահատական: Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել