Արդարադատության նախարարությունը երկու նոր կայք է գործարկել

Արդարադատության նախարարությունն այսօր՝ փետրվարի 9-ին ներկայացրել է էլեկտրոնային արդարադատության ոլորտում  Եվրամիության աջակցությամբ ներդրված նոր երկու կայք։ Միջոցառմանը մասնակցում էին «Իրավաբանների հայակակն ասոցիացա» ՀԿ նախագահ Կարեն Զադոյանը:

Նախարարությունը գործարկել է թեժ գծի նոր կայքը՝ www.e-hotline.am-ը, որի օգնությամբ ստեղծվել է քաղաքացիների, կազմակերպությունների և այլ շահագրգիռ անձանց կողմից բարձրացված խնդիրներին, բողոքներին և հարցումներին ավելի օպերատիվ արձագանքելու առցանց մեխանիզմ։

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, ներկայացնելով էլեկտրոնային նոր հարթակները, նշեց, որ դրանք ժողովրդավարության, ինչպեսև կոռուպցիայի դեմ պայքարի ևս մի մեխանիզմ են․ «Հենց այս գործիքներն են, որ հնարավորություն են տալիս այսօր լայն շրջանակների ընդգրկել պետական կառավարաման համակարգում»,-ասաց նախարարը։

Կոռուպցիայի դեմ պայքարի գործում, Դավիթ Հարությունյանի խոսքով, շատ գործիքներ արդյունավետ են, որոշները՝ ոչ այնքան, իսկ ամենաարդյունավետ գործիքներից մեկը ինֆորմացիայի հասանելիության ապահովությանն ուղղված գործիքներն են։

Միջոցառմանը ներկա էր նաև Եվրոպական միության (ԵՄ) պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։ Նա իր խոսքում նշեց, որ ԵՄ-ն նախորդ տարի նախաձեռնել էր ներդնել Հայաստանի կառավարաման համակարգերում միջգործառնական հարթակների ստեղծման, թվայնացման ծրագիրը․ «Համոզված եմ, որ Հայաստանի թվայնացման գործընթացը և Եվրամիության աջակցությունը կբերի լավ արդյունքների»,-նշեց նա։ Դեսպանը նաև շնորհակալություն հայտնեց գործընկերներին՝ կառավարությանը, արդարադատության նախարարությունը՝ ընդգծելով նաև նախարար Դավիթ Հարությունյանի նվիրվածության ու անձնական ջանքեր գործադրելու համար։  

Նշենք, որ այս կայքի ստեղծման նպատակը նախարարության համապատասխան ստորաբաժանումների կողմից մատուցվող ծառայությունների բաց, թափանցիկ, մասնակցային և հաշվետու գործընթացի ապահովումն ու առկա խնդիրներին լուծում տալն է։

Ստեղծվել է նաև էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ՝ www.e-request.am, որը հնարավորություն է ընձեռում առցանց եղանակով ուղարկել դիմում, հարցում կամ բողոք տեղեկատվություն տիրապետող պետական մարմիններին, ստանալ պատասխան ևս՝ առցանց եղանակով, միաժամանակ ներկայացնել կարծիք պետական մարմնի կողմից տրամադրված պատասխանի բովանդակության և տրամադրման ժամանակի վերաբերյալ, որի հիման վրա կազմվում է վիճակագրություն։

Նախարարը հայտարարեց, որ այս տարի նախարարության կողմից կներկայացվեն էլեկտրոնային նորարարության նոր լուծումներ ու գործիքներ։

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել