Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այսօր՝ փետրվարի 8-ին կառավարության հերթական նիստի ընթացքում ներկայացրեց մի նախագիծ, որի ընդունման նպատակն է կարգավորել գնումների գործընթացի կազմակերպման ժամանակ առաջացած որոշ խնդիրները:
ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ փոփոխությունների և լրացումների կատարումը պայմանավորված է գնումների գործընթացի կազմակերպման ժամանակ առաջացած որոշ խնդիրների կարգավորման անհրաժեշտությամբ: Գործադիրը հավանություն է տվել նախագծին։
«Այս հարցը բխում է Ձեր հանձնարարականից։ Նախորդ տարի, երբ ներդրեցինք գնումների նոր համակարգ, եղավ հանձնարարություն, որ համակարգը մշտապես պահենք մեր դիտակետում, որպեսզի ընթացքում որևէ խնդիր առաջանալու պարագայում արագ լուծումներ տանք, ընդ որում՝ համագործակցելով հասարակական կազմակերպությունների հետ։ Պետք է զեկուցեմ, որ մենք շատ ակտիվ աշխատում ենք «Իրավաբանների հայկական ասոցիացա» ՀԿ-ի և «Թրանսփարենսի Ինթերնեյշնլի» հետ և այն կարգավորումները, որոնք նախագծում տրված են, նաև իրենց կողմից բարձրացված խնդիրներին է վերաբերում»,-ասաց նախարարը։
Վարդան Արամյանը նշեց, որ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ մինչև 70 միլիոն դրամ գնումներ իրականացնելու դեպքում պահանջվում էր միակողմանի տուժանքի ձևով հայտի ապահովում, ինչն էլ, ժամանակի ընթացքում, պարզ է դարձել, որ ձևական բնույթ է կրում և ոչ էական թերությունների պատճառով մերժվում են մասնակիցների հայտերը, ինչի հետևանքով նվազում է մասնակցության աստիճանը:
«Նաև ՀԿ-ներն են դա փաստում, որ մեր պատժամիջոցները, եթե որևիցե մասնակից պատշաճ ձևով չի մասնակցում գնումներին և մենք անմիջապես սև ցուցակ ենք գցում, դա կոշտ կարգավորում է և այս միակողմնաի տուժանքն իր նպատակին չի ծառայում, դրա համար մենք սա հանում ենք։ ՀԿ-ները նաև այս փաստն արձանագրել են, որ մրցույնթերի դեպքում պատվիրատուները սահմանում են ապրանքը մատակարարելու շատ կարճ ժամկետները՝ 1, 2, 3 օր, որը արհեստականորեն խոչընդոտ է ստեղծում այլ մասնակիցներին, որովհետև տարամաբանական է, որ եթե մեկ ապրանք ներմուծման կարիք ունի, ժամանակ է պետք, որ տվյալ մասնակիցը մատակարարի»,-ներկայացրեց Արամյանը։
Խնդրից խուսափելու համար սահմանվել է ամենաքիչը՝ 20 օր ժամանակ, սակայն եթե կլինի մի մասնակից, որն ավելի քիչ գնով և 1-2 օր ժամկետներում կառաջարկի տվյալ ապրանքը, ապա որևէ խնդիր չի առաջանա։
Գնահատող հանձնաժողովների աշխատանքի ժամկետների հետ կապված ևս հստակ կարգավորումներ չեն եղել, ինչը նախագծով նորից կկարգավորվի։
Նշված խնդիրների կարգավորման նպատակով անհրաժեշտություն է առաջացել կարգում կատարել փոփոխություններ և լրացումներ:
Արդյունքում հնարավորինս կբացառվեն մասնակիցների կողմից ոչ էական թերություններով հայտերի ներկայացումը, հետևաբար նաև՝ այդ հիմքով պատվիրատուների կողմից վերջիններիս հայտերի մերժումը: