Այսօր՝ փետրվարի 8-ին, Ազգային ժողովում քննարկվում է հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի և Խոսրով Հարությունյանի հեղինակած օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող Խոսրով Հարությունյանը նշեց, որ օրենսդրական նախաձեռնության շարժառիթը հանդիսացել են այն դիմումները, որոնք ստացվել են մի շարք տնտեսվարողների կողմից, որոնք զբաղվում են ուղևորափոխադրումներով։ Խնդիրը հատկապես կապված է մարզերում գործող տնտեսվարողների հետ։
«Օրենքը ուժի մեջ մտնելուն պես բոլոր ուևորափոխադրողները իրավունք ունեն մինչև մարտի 1-ը հայտարարություն ներկայացնել, որ իրենք աշխատելու են արտոնագրային հարկի դաշտում և այն հարկային պարտավորությունները որոնք ձևավորվել են հունվար և փետրվար ամիսների ժամանակ, նրանք իրավունք ունեն վճարել պետական բյուջե մինչև հունիսի 20-ը»,-նշեց Խոսրով Հարությունյանը:
Նոր օրենքի նախագծով առաջարկվում է փոխել արտոնագրային հարկ վճարողներ ամսական դրույքաչափերը:
Գործող օրենսգրքով այդ դրույքաչափը կազմում է ավտոբուսով ուղևորափոխադրումների համար 2400 դրամ, իսկ միկրոավտոբուսով ուղևորափոխադրումների համար 3000 դրամ: Իսկ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին այս օրենքի նախագծով առաջարկվում է առաջինի դրույքաչափը իջեցնել մինչև 1800 դրամ, իսկ երկրորդի դեպքում մինչև 2300 դրամ:
Օրենքի նախագիծը ընդունվեց 72, դեմ 3, ձեռնպահ 19 ձայնով: