Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը 2017 թվականի օգոստոսի 16-ին ստորագրել է համար 910-Ն հրամանը, որով սահմանվել է հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները:
Հրամանի մեջ նշված է, որ հանրակրթական դպրոցի դասարանը կազմավորվում է տվյալ դասարան փոխադրված և ընդունված սովորողների ընդհանուր թվի միջին թվաբանականի հաշվարկով: Տարրական և միջին դպրոցների դասարաններում սովորողների թիվը սահմանվում է 25-30, իսկ ավագ դպրոցում՝ 20-25 սովորող:
Դասարանում սովորողների առավելագույն թիվը տարրական և միջին դպրոցում չի կարող գերազանցել 35-ը, ավագ դպրոցում՝ 30-ը: Հիմնադրի կողմից սահմանված խտությունից ավելի պակաս խտությամբ դասարան կարող է բացվել հաստատության ֆինանսական միջոցների առկայության դեպքում՝ խորհրդի որոշմամբ:
Տարրական դպրոցում «Ռուսաց լեզու» և «Օտար լեզու», միջին դպրոցում և ավագ դասարաններում «Հայոց լեզու», «Ռուսաց լեզու», «Օտար լեզու» և «Ինֆորմատիկա» առարկաների պարապմունքներին դասարանը կարելի է բաժանել երկու խմբի, եթե սովորողների թիվը 20 և ավելի է:
Ավագ դպրոցում «Հայոց լեզու», «Ռուսաց լեզու», «Օտար լեզու» առարկաների պարապմունքներին դասարանը կարելի է բաժանել երկու խմբի, եթե դասարանում սովորողների թիվը 20 և ավելի է։
Հրամանն ուժի մեջ է մտել 2017 թվականի սեպտեմբերի 11-ին: