Ազգային ժողովի նախագահին, նրա տեղակալներին, ԱԺ խմբակցությունների ղեկավարներին, ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներին և նրանց տեղակալներին ծառայողական մեքենաներ են տրամադրվում։ Պատգամավորներին այս հնարավորությունը տրված չէ։
Յուրաքանչյուր դեպքում տրամադրվում է մեկ մեքենա և մեկ վարորդ։
Ի պատասխան Իրավաբան.net-ի հարցմանը, Ազգային ժողովից հայտնում են, որ աշխատակազմի նյութատեխնիկական ապահովման վարչության ավտոտրանսպորտային բաժնի վարորդի պաշտոնային դրույքաչափը կազմում է 140 հազար դրամ։
Ծառայողական մեքենաների շահագործման համար որպես վառելիք օգտագործվում է բենզին։
Ազգային ժողովի աշխատակազմի ավտոտրանսպորտային միջոցների վառելիքի ամսական չափաքանակները կանոնակարգելու նպատակով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի 2017 թ-ի հուլիսի 20-ի թիվ Կ-177-Ա կարգադրության համաձայն սահմանվել են ՀՀ տարածքում ԱԺ աշխատակազմի ծառայողական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման համար հատկացվող վառելիքի ամսական չափաքանակները։
Այսպիսով՝
- ԱԺ նախագահին սպասարկող ավտոմեքենային տրամադրվում է 520 լիտր բենզին,
- ԱԺ նախագահի տեղակալներին սպասարկող ավտոմեքենաներին՝ 500-ական լիտր,
- ԱԺ խմբակցությունների ղեկավարներին սպասարկող ավտոմեքենաներին՝ 390-ական լիտր,
- ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներին սպասարկող ավտոմեքենաներին՝ 390-ական լիտր,
- ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներին տեղակալներին սպասարկող ավտոմեքենաներին՝ 260-ական լիտր։
ԱԺ աշխատակազմի մյուս ավտոմեքենաներին հատկացվող վառելիքի ամսական չափաքանակները սահմանում և հատկացնում է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը։
Ծառայողական ավտոմեքենաներին հատկացվող վառելիքը տրամադրվում է ավտոմեքենաները միայն ծառայողական կարիքների համար շահագործելու նպատակով։
Ի դեպ, Արցախի Հանրապետություն այցելությունների, ինչպես նաև այլ հատուկ դեպքերում, ԱԺ աշխատակազմի ծառայողական ավտոմեքենաներին կարող է հատկացվել լրացուցիչ վառելիք՝ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի որոշմամբ։
Այս կարգադրությունն ուժի մեջ է մտել 2017 թվականի օգոստոսի 1-ից։
Նշենք նաև, որ ծառայողական մեքենաներից հրաժարված և սեփական ավտոմեքենաները շահագործողները վառելիքի համար չեն հատուցվում։
Ալիսա Չիլինգարյան