Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին նախագիծը ներառվել է ԱԺ օրակարգ

Ազգային ժողովի փետրվարի 6-ի արտահերթ նիստի օրակարգում է ընդգրկվել անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին, որով ներկայացվում է Անվտանգության խորհրդի կարգավիճակը, գործառույթը և լիազորությունները, սահմանվում է Անվտանգության խորհրդի կազմը և այլն:

Ըստ նախագծի՝ անվտանգության խորհրդի անդամները կլինեն վարչապետը, առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները, անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանության պետը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:

Նախագծի ընդունման դեպքում այն ուժի մեջ կմտնի նորընտիր Հանրապետության Նախագահի կողմից` իր պաշտոնի ստանձնման օրը: Անվտանգության խորհրդի գործունեությունն իրականացվում է կոլեգիալ հիմունքներով՝ նիստերի միջոցով: Անվտանգության խորհրդի՝ պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով որոշումներն ընդունվում են Անվտանգության խորհրդի առնվազն 7 անդամների ձայներով:

Հիշեցնենք, որ այժմ Ազգային անվտանգության խորհուրդը գլխավորում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, խորհրդի անդամներն են ՀՀ Ազգային ժողովի նախագահը, ՀՀ վարչապետը, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահը, ՀՀ փոխվարչապետը, ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, ՀՀ պաշտպանության նախարարը,ՀՀ արտաքին գործերի նախարարը, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարը, ՀՀ գլխավոր դատախազ, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն, ՀՀ ոստիկանապետը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, և ԱԱԽ նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Նախագիծը նույնությամբ ընդունելու դեպքում, նախագահը, նախագահի աշխատակազմի ղեկավարը, Սահմանադրական դատարանի նախագահը, ՀՀ գլխավոր դատախազը չեն լինի խորհրդի կազմում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել