Հանրային նոր խորհրդի կազմի, գործառույթների և լիազորությունների մասին նոր նախագիծ է ներկայացվել

Կառավարության նախաձեռնությամբ 2018 թվականի փետրվարի 6-ին գումարված արտահերթ նիստին կքննարկվի հանրային խորհրդի մասին օրենքի նախագիծը:

Նշենք, որ հանրային խորհրդի գործունեությունը հիմնված է անձանց, այդ թվում` հասարակական կազմակերպությունների, սփյուռքի ներկայացուցիչների կամավոր մասնակցության սկզբունքի վրա:

Հանրային խորհուրդը հիմնականում զբաղվում է հասարակության տարբեր շերտերի շահերի ներկայացմամբ,  քաղաքացիական հասարակության  զարգացմամբ, կառավարության, պետական կառավարման համակարգի մարմինների և քաղաքացիական հասարակության ինստիտուտների միջև փոխադարձ վստահության, երկխոսության և գործընկերային հարաբերությունների ձեւավորմանը նպաստելով:

Խորհուրդը զբաղվում է նաև հանրային նշանակություն ունեցող հարցերի, այդ թվում` օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի, պետական ծրագրերի, ռազմավարությունների, հայեցակարգերի և դրանց նախագծերի վերաբերյալ հասարակական կարծիքի բացահայտմամբ:

Հանրային խորհուրդը կազմված կլինի 45 անդամից: Հանրային խորհրդի անդամ կարող է լինել 25 տարին լրացած, պետությանը կամ  հասարակությանը ծառայություններ մատուցած, հանրային կամ իր մասնագիտական ոլորտում հեղինակություն վայելող, ինչպես նաև հանրային խորհրդի առջև դրված խնդիրների կենսագործման համար անհրաժեշտ հմտություններ ունեցող յուրաքանչյուր անձ: Հանրային խորհրդին կից գործում են 15 ոլորտային մշտական հանձնաժողովներ:

Կառավարության կազմավորումից հետո 30-օրյա ժամկետում պետք է ստեղծվի նաև հանրային խորհուրդը:

Առանձին հարցերի քննարկման, այդ թվում` հասարակական փորձաքննություն իրականացնելու համար և դրանց վերաբերյալ  հանրային խորհրդի որոշումների նախապատրաստման նպատակով` հանրային խորհուրդը, ներգրավելով մասնագետների, կարող է ձեւավորել ժամանակավոր հանձնաժողովներ և աշխատանքային խմբեր:

Խորհրդի նիստերը հրավիրվում են ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ անգամ: Նոր ձևավորված խորհրդի առաջին նիստը գումարվում է ոչ ուշ, քան հանրային խորհրդի ձևավորումից 10 օր հետո:

Խորհրդի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում են անդամների ընդհանուր թվի  կեսից ավելին:

Հանրային խորհրդի արտահերթ նիստերը հրավիրում է  հանրային խորհրդի նախագահը: Հանրային խորհրդի նիստերը դռնբաց են, եթե Հանրային խորհուրդը նիստերը դռնփակ անցկացնելու մասին որոշում չի կայացնում:

Հանրային խորհրդի նախագահը յուրաքանչյուր տարի` մինչև փետրվարի 15-ը, հաշվետվություն է ներկայացնում կառավարությանը`  խորհրդի նախորդ տարվա գործունեության մասին` զուգահեռաբար այն հրապարակելով խորհրդի պաշտոնական համացանցային կայքում:

Վերջին մեկ տարվա ընթացքում անհարգելի պատճառով խորհրդի նիստերին չմասնակցած անդամը հեռացվում է խորհրդից:

Հանրային խորհրդի անդամի լիազորությունները դադարում են, եթե`

1) նա այդ մասին դիմում է ներկայացրել.

2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած.

3) նրա նկատմամբ կայացվել է դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, որով նա դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար կամ որով նախատեսվում է ազատությունից զրկում.

4) Կառավարության պաշտոնական համացանցային կայքում հրապարակվել է  վարչապետի` սույն օրենքի 5-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված գրավոր հայտարարությունը.

5) մահացել է:

Հանրային խորհրդի գործունեությունն ապահովում է նրա քարտուղարությունը, որը վարչապետի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է: Քարտուղարության կանոնադրությունը և  հաստիքացուցակը հաստատում է վարչապետը:

Խորհրդի ֆինանսավորումն իրականացվում է վարչապետի աշխատակազմի միջոցով` պետական բյուջեով նախատեսված ծախսերի շրջանակներում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել